Հայաստանի շուրջ կա տեղեկատվական բլոկադա, որ միասին կառուցել են Նիկոլենք և Նիկոլի գեոպոլիտիկ հովանավորները։ Այս մասին մայիսի 4-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մենք կանգնելու ենք մայթերին, կենդանի շղթա կազմենք, որպեսզի բոլորը տեսնեն ներկա իրավիճակը, քաղբանտարկյալներին, եկեղեցու վրա ճնշումները, պաստառների վրա գրվածները։ Սա ոչ մի անվտանգային խնդիր չի առաջացնում», - ասել է Աշոտյանը։
Նա նաև նշել է, որ իրենց կազմակերպած ակցիան միտումնավոր փորձում են ճնշել։ «Այս ակցիան խանգարում է իրենց «փուչիկ փչելու» ցանկությանը։ Եթե անգամ լույսի արագությամբ սլանան, միևնույնն է՝ տեսնելու են այս պաստառները», - ընդգծել է ընդդիմադիր գործիչը։











