Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը հաստատել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների ֆոնին հայկական կողմին բողոքի նոտա հանձնելու մասին տեղեկությունը։
Դիվանագետի խոսքով՝ նոտան փոխանցվել է նախօրեին՝ արտաքին քաղաքական խողովակներով։ Մասնավորապես՝ Բելառուսի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Մինսկում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին էլ հանձնվել է համապատասխան փաստաթուղթը։
«Այո՛, մենք հաստատում ենք երեկ ներկայացված բողոքի նոտայի մասին տեղեկությունը։ Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Բելառուսի ԱԳՆ, ինչից հետո նրան բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Բելառուսի հասցեին Հայաստանի խորհրդարանի խոսնակի կողմից վերջերս հնչեցված ոչ բարեկամական հայտարարությունների մասին», — հայտարարել է Կուդրուկը։
«Բելառուսական կողմի հասցեին հնչող որոշ մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություններ պետք է տան ԱԳՆ ներկայացուցիչները, ուստի կսպասենք մամուլի քարտուղարի համապատասխան հայտարարություններին», — հավելել է դիվանագետը։
Պատասխանելով հայկական կողմի արձագանքի մասին հարցին՝ Կուդրուկը հայտնել է, որ այս պահին բելառուսական կողմը որևէ պաշտոնական պատասխան չի ստացել Հայաստանի ԱԳՆ-ից։
«Ո՛չ, մենք առայժմ որևէ պաշտոնական արձագանք չենք ստացել Հայաստանի ԱԳՆ-ից», — ասել է նա։
Լրագրողները նաև հետաքրքրվել են Բելառուսի դեսպանի՝ Հայաստան վերադառնալու հարցով։ Ժամանակավոր հավատարմատարը շեշտել է, որ այդ հարցով որոշումը կայացվում է երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով։
«Այդ հարցը պետք է ուղղել հայկական կողմին… Այդ որոշումները կայացվում են բարձրագույն ղեկավարության կողմից», — նշել է Կուդրուկը։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բազմիցս կոշտ հայտարարություններով է հանդես եկել Բելառուսի հասցեին։ Սիմոնյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստատեսությանը, որտեղ ասել է, որ Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի ծայրագավառ և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը։
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ չի զղջում իր այն խոսքերի համար, թե Բելառուսը Ռուսաստանի նահանգ է։
«Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է», — ասել է Սիմոնյանը լրագրողներին։











