Մաշտոցի պուրակում ապամոնտաժողները փորձում են բանակցություններ վարել ոստիկանների հետ: Երիտասարդ ակտիվիստներին հաջողվել է պուրակում տեղադրել երկրորդ վրանը, իսկ առաջին վրանը ոստիկանները հանել էին: Նրանք պուրակում վրան են տեղադրում` ակցիաների շուրջօրյա ռեժիմի անցնելու համար:
Ակտիվիստներից մեկին` Եղիային, որին անհրաժեշտ է օգնություն, տեղափոխում են հիվանդանոց: Մի քանի հոգու` Գոռ Հակոբյանին, Եղիա Ներսիսյանին, Վահրամ Սողոմոնյանին, Արման Յարալյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Կարեն Հարությունյանին ոստիկանները տարել են բաժին: Բերման է ենթարկվել առաջին բրիգադի անդամ Արմեն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ոստիկանական բաժանմունք էին տարել նաեւ ակտիվիստներից մեկին` Վահագն անունով, որին սակայն հետո բաց էին թողել:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Մաշտոցի պուրակում ապամոնտաժող բրիգադներն այսօր ձեռնամուխ էին եղել կիսակառույց կրպակների ապամոնտաժմանը: Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ապամոնտաժող բրիգադին հորդորել էր անօրինականությունների չդիմել ոստիկանների նկատմամբ եւ ակցիան չվերածել բախումների: Ոստիկանների հետ առաջին բախման արդյունքում ապամոնտաժող բրիգադի անդամները կարողացել էին անցնել ներս, սակայն ոստիկանները կրկին նրանց դուրս էին հանել։ Երկաթե ճաղավանդակները քաշքշելու ժամանակ վնասվել է ակտիվիստներից մեկի ձեռքը։











