Գործող իշխանությունների՝ պատերազմի մասին մշտական սպառնալիքները փորձ են թաքցնելու ազգային անվտանգության համակարգի ձախողումը և արդարացնելու հակառակորդի ցանկացած պահանջի կատարումը։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, նախընտրական քարոզարշավի առաջին օրը, որը մեկնարկել է Գոշավանքում (Տավուշ), հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ մեկնաբանելով վերջերս Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի արդյունքները։
Փորձագետը նշել է, որ երկրի ղեկավարությունը միջազգային միջոցառումն օգտագործել է բացառապես որպես նախընտրական քարոզչության գործիք՝ այդ ընթացքում չլուծելով անվտանգությանը, վիզաների ազատականացմանը կամ գերիների վերադարձին վերաբերող ոչ մի հրատապ հարց։
Վարչապետի թեկնածուն ընդգծել է, որ իշխանության «եթե ես չլինեմ, ապա պատերազմ կլինի» թեզը քաղաքացիների նկատմամբ քաղաքական շանտաժի ձև է։ Նրա խոսքով՝ ոչ մի քաղաքական ուժ կամ Հայաստանի քաղաքացի պատերազմ չի ցանկանում, և սա կառավարության հորինածն է՝ քողարկելու ինքնիշխանությունը պաշտպանելու անկարողությունը։
«Ինչ արժե այն ղեկավարը, որը չի կարողացել անվտանգության համակարգը զարգացնել այն աստիճանի, որ ոչ ոք չհամարձակվի մեզ պատերազմով սպառնալ», - հարցադրում է արել Թաթոյանը՝ հավելելով, որ իրական խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, ոչ թե մշտական զիջումների վրա հիմնված, ճնշման տակ։
Խոսելով իր ծրագրի սոցիալ-տնտեսական մասի վերաբերյալ՝ Արման Թաթոյանը նշել է, որ իր համար արդարությունը նախևառաջ քաղաքացիների համար հայրենիքում արժանապատիվ ապրելու և աշխատելու հնարավորությունն է։ Նա մտահոգություն է հայտնել, որ աշխատատեղերի բացակայության պատճառով Իջևանի և շրջակա գյուղերի բնակիչները ստիպված են մեկնել Ռուսաստան՝ աշխատանքի։
«Սա՞ է արդարության արդյունքը, երբ մարդը չգիտի, թե ինչպես ընտանիքի արժանապատիվ կյանքի համար գումար վաստակի, և մեկնում է։ Մենք ունենք մեծ ներուժ, և մարդիկ կարող են այստեղ վաստակել, եթե պայմաններ ստեղծվեն», - ընդգծել է նա։ Թաթոյանը նաև հայտարարել է հարկային համակարգի բարեփոխման մասին՝ «հարուստը վճարում է ավելի շատ, աղքատը՝ ավելի քիչ» սկզբունքով՝ խոստանալով, որ արդարությունը զգալի կդառնա յուրաքանչյուր քաղաքացու համար











