Մարդկանց հայրենիքը մոռացության չեն կարող տալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին՝ Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր կլինի մոռացության տալ Արցախը, ջնջել Արցախի մասին հիշողությունները։
Նա ընդգծեց. «Մեր սխալն էր, որ իրենց (գործող իշխանություններին–խմբ) վստահեցինք մեր երկրի անվտանգությունը։ Նախ մեր սխալը պետք է ուղղենք, որ այլևս էլ չվստահենք իրենց մեր երկրի անվտանգությունը, որովհետև ամեն անգամ սխալ կատարելուց հետո իրենք ասում են՝ սա եմ սխալվել, հետո ասում են՝ ևս մեկ անգամ սխալվեցինք։ Չի կարելի ներել այդքան սխալներ, եթե այդ սխալները արժեք ունեն, իսկ արժեքը հազարավոր զոհերն են»։
Անդրադառնալով Սյունիքում ՔՊ–ի քարոզարշավին, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ բնակավայրերում Բրեժնևը և իրենք են ասֆալտ արել, Նարեկ Կարապետյանն ասաց. «Անգեղակոթը, Բռնակոթը, Սիսիանը Հայաստանի ամենամեծ գործազրկություն ունեցող շրջաններից է։ Երբ մենք գնացել էինք այնտեղ, զանգվածային աղքատություն էր, անգամ անասնապահությամբ էին դադարել զբաղվել, ինչի մասին է խոսքը, ի՞նչ ռեմոնտ, ի՞նչ ասֆալտ։ Մենք պետք է մարդկանց աշխատանքով ապահովենք և ունենք ծրագիր Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի հետ կապված։ Այսօր երեկոյան լինելու ենք այնտեղ և պատմելու ենք, թե ինչ ծրագիր ունենք Սիսիանի և հարակից գյուղերի բնակչության զբաղվածության հետ կապված, որպեսզի մարդիկ արտագնա աշխատանքի չգնան, կարողանան նորմալ ապրել։ Ինչ վերաբերում է պարտք վերցնել և ռեմոնտ անելուն, դա բոլորն էլ կարող են»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում











