Յուլյա Տիմոշենկոյի ամուսինը, որն այս ձմռանն ապաստան է ստացել Չեխիայում, դիմել  է կնոջը հացադուլը դադարեցնելու խնդրանքով: Կնոջ կայքում տեղադրված իր դիմումում նա պաթոսով նշել է, որ  «կյանքը մարդուն մեկ անգամ է տրվում», եւ ամբողջ կյանքը նրանք նվիրել են «Ուկրաինան ավելի լավը եւ ուկրաինացիներին ավելի երջանիկ դարձնելու ձգտմանը», ինչպես նաեւ բազմաթիվ խոչընդոտներ են հաղթահարել այդ ճանապարհին:

«Յուլյա Տիմոշենկոն արդեն տասն օրից ավելի է հացադուլ է հայտարարել:  Կյանքը, որից միշտ ուրախություն եւ հույս էր բխում, կարող է ընդհատվել ամեն պահի», - նշել է նա: Ալեքսանդր Տիմոշենկոն կարծում է, որ իր կնոջ մահը միայն մեկ հոգու է ձեռնտու` գործող նախագահ Յանուկովիչին, ով ցանկանում է նրան ֆիզիկապես ոչնչացնել, տանջանքների եւ ծաղրուծանակի է ենթարկում:

«Ես չեմ ուզում, որ թուլությունը եւ հնարավոր ողբերգական հետեւանքները ուրախացնեն այդ իշխանությանը: Նրանք կթռչկոտեն, կուրախանան այդ մահվան կապակցությամբ, ծաղկեպսակներ կդնեն, որոնք հետո նրանց գլխին կթափվեն, նրանք էլ կկարծեն, թե երկնային մանանա է: Բթությանը եւ հիմարությանը կարող է հակազդել ֆիզիկական ուժը, այլ ոչ թե սովի մատնվելը եւ բանտում կնոջ տառապանքները», - հայտարարել է Տիմոշենկոյի ամուսինը, գրում է  NEWSru.com-ը:

«Ես դիմում եմ կնոջս եւ մեր դուստր Եվգենյայի մորը` հացադուլը դադարեցնելու խնդրանքով: Այս իշխանությունը շուտով կոչնչանա, ինչպես մշուշ, որը պարուրել էր մարդկանց աչքերը, ովքեր քվեարկել էին կրկնակի դատված խաբեբա Յանուկովիչի օգտին, ով հրահանգում է կանանց ծեծել բանտերում», - հավելել է Ալեքսանդր Տիմոշենկոն:

Հիշեցնենք, մոր վիճակի առնչությամբ անհանգստություն էր հայտնել նաեւ նախկին վարչապետի դուստր Եվգենյա Տիմոշենկոն: