Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը անպարկեշտ արտահայտություններ է արել BBC London-ի ուղիղ եթերում BBC-ի հաղորդավար Թիմ Դոնովանի հասցեին:

Ապրիլի 29-ին Դոնովանի Sunday Politics հաղորդման եթերում պատմվել է, որ 2010թ., երբ Ռուպերտ Մերդոկի News International պարբերականը հերթական անգամ մեղադրվեց  գաղտնալսումների մեջ, Ջոնսոնը Մերդոկի հետ փորձել է հովանավորչական պայմանագիր կնքել: Լոնդոնի Ասամբլեայի նիստում Ջոնսոնը բոլոր մեղադրանքները հիմարություն էր որակել:

Հաջորդ օրը BBC London-ի թղթակիցները նրան հարց են տվել News International-ի հետ հնարավոր կապերի մասին: Ի պատասխան Ջոնսոնը հայհոյել է Դոնովանի հասցեին: Քաղաքապետը լրագրողներին խորհուրդ է տվել պատմել, թե ինչպես է 4 տարում 100 միլիոն ֆունտ հովանավորչական գումարներ հավաքել քաղաքի կարիքների համար:

Ջոնսոնը սկանդալի կենտրոնում է հայտնվել քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ, մայիսի 3-ին Լոնդոնի բնակիչները քաղաքապետ են ընտրելու: