«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը Չարենցավանի բնակիչների հետ հանդիպմանը հիշեցրել է Հաստոցաշինական գործարանի ողբալի վիճակի մասին։

Հայտնել է, որ առավոտյան այցելել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Փոխանցել է սրբազանի օրհնությունը և հիշեցրել, թե ինչպես էին Սրբազան պայքարի ժամանակ անձրևի ու կարկուտի տակ քայլում դեպի Երևան։

«Երեկ հողատուն բաց, ուղղակի հայ ժողովրդին ասաց՝ տալու եմ,էլի եմ տալու, մեզնից խլվածն էլ հետ չեմ բերելու։ Այս իշխանություններին հեռացնելն անհրաժեշտություն է, և դրանում ոչ ոք չի կասկածում»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ յուրաքանչյուրն ունի իր պատճառները՝ պահանջելու իշխանության հրաժարականը։

Կոնկրետ Չարենցավանի համար դա Հաստոցաշինական գործարանն է, որը Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ուներ 600 աշխատակից, իսկ հիմա խրված է պարտքերի մեջ։

«Չեմ ուզում, որ երկրիս ղեկավարը հիստերիկ լինի։ Ես հպարտացել եմ Քոչարյանի ներկայացրած Հայաստանով»,- ընդգծել է Մանուկյանը։

Քաղաքական գործիչը հիշեցրել է Քի Ուեսթի բանակցությունները, երբ հայր Ալիևը 20 րոպե դժգոհել է օկուպացիայից, ինչին ի պատասխան Քոչարյանն ասել է, որ եկել է բանակցելու, այլ ոչ թե պոպուլիզմի համար, և Ալիևն ընկրկել է։