Մեկը ծառ է տնկում, մյուսը կացնով գալիս է, որ կտրի։ Նման պատկերավոր համեմատություն է արել Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Նոր Հաճնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա անդրադարձել է ադամանդագործության ոլորտին, որտեղ ներգրավված էին նորհաճնցիները՝ հիշեցնելով, որ ժամանակին լուծվել էր հումքի հարցը, և արդյունքը ոլորտում մեծ թռիչքն էր։ Նա կրկնել է արտաքին քաղաքականության և տնտեսության փոխկապակցվածության մասին միտքը։ «Անվտանգության հարցում լիակատար ձախողում է, փչացած հարաբերություններ բարեկամների հետ, ինչը բազմապատկում է անվտանգային սպառնալիքները»,- նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ բարեփոխումների անվան տակ 2018 թվականից բանակից հեռացվել են մարտական հրամանատարները, իսկ երկիրը բաժանել են հների ու նորերի, սպիտակների ու սևերի, հարուստների ու աղքատների՝ վատթարացնելով հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ։ Ադրբեջանում տեսան, որ ավելի հարմար առիթ չի լինի, և հարձակվեցին, նշել է Քոչարյանը։
Ըստ նրա, պատերազմը պարտվել ենք, որովհետև չենք կարողացել մոբիլիզացնել երկիրը․ պատերազմում է երկիրը, այլ ոչ թե բանակը։ Իշխանություններն անգամ սեփական սխալների վրա չեն սովորում, որովհետև վճարողն իրենք չեն, այլ ժողովուրդը։ 150 հազար արցախցի վճարել է իր ողջ ունեցվածքով և հայրենիքով։
«Եվ նա (Փաշինյանը) շարունակում է նույնը։ Հայտարարում է, թե Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է։ Լո՞ւրջ։ Հո գժանոցո՞ւմ չենք, ժողովուրդ ջան։ Թույլ տա՞նք, որ Հայաստանը դարձնի փորձադաշտ, անընդհատ Հայաստանի վրա փորձարկումներ անի, վարի մի քաղաքականություն, որը Հայաստանի կենսական շահերի հետ որևէ առնչություն չունի։Եվ այդ գինը տանք մենք՝ բոլորս։ Ես արդեն վճարել եմ, հայրենիք եմ տվել, իմ ծննդավայրն եմ տվել, իմ պապական տունն եմ տվել։ Թույլ տանք, որ սա շարունակվի՞։ Պետք է ոտքի կանգնել ու ասել՝ հերիք է»,- ընդգծել է Քոչարյանը։











