Նախագահի պաշտոնում գտնվելուս 10 տարիների ընթացքում ոչ մի անգամ չի եղել, որ քաղաքացին ինձ հարց տա՝ կարո՞ղ է պատերազմ լինել։ Այս մասին Աբովյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«10 տարի այդպիսի խնդիր չի եղել։ Որովհետև մարդիկ վստահել են բանակին, որովհետև մարդիկ իմացել են, որ մենք հզոր ենք, և յուրաքանչյուր պատերազմ ավարտվելու է թշնամու պարտությամբ։ Երկիրը կայուն զարգանում էր, և դա մեզ հնարավորություն էր տալիս բազմապատիկ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները։ Լավ հարաբերություններ էինք կառուցում աշխարհի բոլոր երկրների հետ՝ ռազմավարական հարաբերություններ ՌԴ-ի հետ, հարաբերություններ ԵՄ-ի հետ, անդամակցություն բազմաթիվ միջազգային կազմակերպությունների՝ առանց դրանք միմյանց հակադրելու։
Արցախյան հարցի կարգավորման շուրջ արդյունավետ բանակցություններ էինք վարում, բանակցություններն ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։
Այս ամենը մի արկածախնդիր մարդ եկավ ու քանդեց։ Բայց ինչպե՞ս եկավ։ Եկավ, համոզեց ու խաբեց ժողովրդին և ընտրվեց։ Սա փաստ է։ Ընտրվելուց հետո ձախողեց բանակցային գործընթացը, ավերեց ամեն ինչ»,- փաստել է քաղաքական գործիչը։











