Ակնհայտ է, որ նրանք ցույց են տալիս իրենց էությունը, թե իրականում ատելությունը որտեղից է գեներացվում, սարսափելի մեծ ատելություն է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 19–ին, իր քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի վարքին։

«Հետո ցույց են տալիս քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը, քաղաքացին նրանց համար ոչ թե քաղաքացի է, որին պետք է հոգ տանել, պաշտպանել, լավ կյանքի պայմաններ ստեղծել և այլն, այլ գործիք, այսինքն մարդ, ում միջոցով նրանք իշխանություն են պահում։

Մենք սա տեսնելով պետք է էլ ավելի այն մտքով տարվենք, որ անպայման մեր քաղաքացիները գնան ընտրության, հանկարծ չվախենան, և մենք ինքներս պետք է լուծենք այս հարցը, որ այլևս երբեք նման պաշտոնյաներ մենք չունենանք:

Սրտիկների, պաչիկների շղարշի ներքո, պեռաշկի ուտելով, «խաղաղության» ու ժողովրդավարության մասին լոզունգների շղարշի ներքո ամբողջը հակաժողովրդավարական, բռնապետական քայլեր են։ Սա միանշանակ ատելության խոսք է։ Երբ կառավարության ղեկավարն է նման բառապաշար օգտագործում, դա իջնում է ներքև, տարածվում է բոլորի նկատմամբ, հետո սկսում են բոլորի կողմնակիցները իրար հետ այդ լեզվով խոսել։ Կա նաև ատելության բառապաշար մյուս կողմից, բայց մթնոլորտի ու երկրում տիրող իրավիճակի համար պատասխանատուն իշխանությունն է։

Այսօր նրանց պահվածքը եվրոպական արժեքների հետ ոչ մեկ կապ չունի, եվրոպական արժեքները նման բաները ժխտում են։ Այստեղից մենք հասկանում ենք, որ այս իշխանությունը իրականում կապ չունի Եվրոպայի հետ, որ ամեն ինչը կենտրոնացված է մեկ անձի ձեռքում, անձնիշխանություն, կուսակցապետություն է, որ բոլորը ծառայեն մեկ անձի և մեկ կուսակցության։ Եվրոպան այս արժեքները չի ընդունում։ Փաշինյանի տարածածը ադրբեջանական արժեքներ են։ Նրանքալիևյան բռնապետության բարքերը իմպլեմենտացնում են, կիրառում են Հայաստանում»,– հայտարարեց Թաթոյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում