Հայաստանի իշխանությունները, դատարկելով գյուղերը, տեղ են պատրաստում 300 հազար ադրբեջանցիների համար։ Թալինի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Իրավիճակն ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ 5 տարի առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանում իշխանությունները կարող են հարձակվել Եկեղեցու վրա։ Արշավ սկսել ինքնության դեմ։ Իրար հակադրել Արարատն ու Արագածը։ Կարծում եմ՝ ոչ մեկի։ Թեև նշաններ կային։ 2021 թվականին փակվեց մշակույթի նախարարությունը։ Պետք էր ինքներս մեզ հարց տալ՝ ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Պարզվեց՝ որպեսզի ինքնությունը վտանգի տակ դրվի»,- հիշեցրել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ նույն նպատակով լուծարեցին Սփյուռքի և գյուղատնտեսության նախարարությունները՝ Սփյուռքը Հայաստանից հեռացնելու համար, իսկ գյուղատնտեսության մեջ բոլոր ցուցանիշներով անկում է գրանցվում։ «Գուցե տեղ են ազատում 300 հազար ադրբեջանցիների համար և, թուլացնելով ինքնությունը, ստիպում մեզ համակերպվել դրա հետ»,- ենթադրել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ այդ ծրագիրն իրականացնում է մեր պատմության մեծագույն դավաճանը։
Քոչարյանը հիշեցրել է, թե ինչպիսի բարձրագոչ կարգախոսներով է Փաշինյանը եկել իշխանության։«Խոսում էին ժողովրդավարության մասին, համեմատում են ինձ հետ, ասում են, թե դիկտատուրա է եղել։ Նայեք, թե ինչ է կատարվում այսօր առաջատար երեք ընդդիմադիր ուժերի ցուցակների հետ՝ քրեական գործեր, միայն մեր ցուցակով՝ 5 թեկնածուի նկատմամբ։ Հայտարարում է, թե «Քոչարյանը պետք է նստի»։ Լեռնային Ղարաբաղն ունեցել է 4 նախագահ։ 3-ը Բաքվում են, երևի պարտավորվել է (Փաշինյանը), որ չորրորդն էլ Երևանում նստի»,- հայտարարել է Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ իր ընդդիմախոսներն են եղել Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը. «Մի օրինակ բերեք, որ որևէ մեկի կամ թիմի անդամի նկատմամբ գործ լիներ։ Դա՞ է ձեր ժողովրդավարությունը։ Դա դեմագոգիա է, սուտ ու հիմարություն, որը տարածում են հիմարները։ Ինչի՞ համար։ Նպատակը մեկն է՝ թուլացնել Հայաստանն ու ժողովրդի դիմադրողականությունը։ Ուրիշ նպատակներ չեմ տեսնում»։











