Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը լրատվամիջոցների հետ զրույցում կատեգորիկ կերպով հերքել է այն խոսակցությունները, թե իշխանությունների կողմից ակտիվորեն քարոզվող կենսաչափական անձնագրերն իբր ազատում են վիզա ստանալու պահանջից։

«Սուտ է։ Կենսաչափական անձնագրերը չեն նշանակում, թե վիզա պետք չէ»,- ընդգծել է Քոչարյանը՝ հիշեցնելով, որ նախկինում Հայաստանում արդեն նախաձեռնվել էր կենսաչափական անձնագրերի տրամադրման գործընթացը, և ներկայիս իշխանություններն ամեն ինչ արեցին այդ գործընթացը կանգնեցնելու համար։

Պատասխանելով բարձրաստիճան պաշտոնյաների աստղաբաշխական աշխատավարձերի մասին հարցին՝ քաղաքական գործիչը վստահեցրել է, որ նախարարների և մասնագետների վարձատրության միջև չի կարող լինել նման էական տարբերություն, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի մարդկանց, որոնք ո՛չ գիտելիք ունեն, ո՛չ կրթություն։