Հայաստանի ոստիկանությունը տեսապարզաբանում է ներկայացրել նախօրեին Ավանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ խոչընդոտվել էր «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ապրիլի 30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք է դիմել ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը եւ հայտնել, որ մի շարք քաղաքացիներ խոչընդոտել են իր ընտրարշավը:

Նույն օրը ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանություն է բերվել անչափահաս Սամվել Իսահակյանը, ով հայտնել է, որ Ավանի 3-րդ փողոցում պատռել է «Ժառանգություն» կուսակցության բուկլետը:

Կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստյոպա Սաֆարյանի շտաբը հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ ապրիլի 30-ին Ավան թաղամասում խոչընդոտել են թեկնածուի եւ «Ժառանգության» քարոզչական նյութերը բաժանելուն: Դեպքի վայր գնացած Ստյոպա Սաֆարյանը, նրան ուղեկցող անձինք անձամբ ականատեսեն եղել, թե ինպես են մի խումբ մարդիկ խոչընդոտում քարոզարշավին: «Խոչընդոտողների թվում էր Նառա անունով ներկայացած մի կին` ՀՀԿ շտաբի ակտիվիստներից, որն անգամ զգուշացումից հետո շարունակում էր մարդկանցից ետ հավաքել Ս.Սաֆարյանի ու «Ժառանգության» քարոզչական նյութերը: ՀՀԿ շտաբում հավաքված իր բուկլետները պատգամավորը տեսել է անձամբ:

Ժամը 14:00-ի մոտակայքում 3-րդ փողոցում հավաքվում են ՀՀԿ շտաբերի շուրջ 30 ակտիվիստներ եւ Սաֆարյանի քարոզչական խմբերի հասցեին հնչեցնում հայհոյախառն, վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ: Հատկապես աչքի են ընկել 2 տղամարդ, որոնք ժամանել էին 22 OU 171 պետհամարանիշով ջիպ ավտոմեքենայով: Ներկայանալ հրաժարված հիշյալ երկու անձինք աղմկել են եւ պնդել, որպեսզի Սաֆարյանը «հավաքի բանդան եւ հեռանա իրենց թաղից»,-ասված է հայտարարության մեջ:

Իրադրության հետագա սրում թույլ չտալու համար Սաֆարյանը զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդում տվել հանցագործության մասին: Ոստիկանություն դիմելուն պես խմբված ՀՀԿ-ականները լքել են տարածքը:

Տեսանյութը` Հայաստանի ոստիկանության