«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Էջմիածնում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա սպառնալիքը՝ մինչև 2031 թվականն իրենից «բոլոր տները» վերցնելու վերաբերյալ։

«Ավելի լավ բան առաջարկեմ մեր վարչապետին, որ կառավարական այդ առանձնատունը, ամառանոցը ավելի լավ է նվիրենք պատերազմում վիրավորում ստացած մեր տղաներին, այն հերոսներին, որոնք վիրավորվել են, ապաքինման կարիք ունեն. ուշադրություն դարձնենք նրանց վրա, նրանք մեր ազգի պատիվը բարձր են պահել: Ինչ էլ պետք է, ասենք, սարքավորումները, ես իմ կողմից կկազմակերպեմ: Նրանք արժանի են դրան»,- նշել է Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի վարչապետը մշտապես վիրավորում է իր մերձավորներին, սակայն ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, դեռ ոչ մի անգամ իրեն թույլ չի տվել որևէ բան ասել Նիկոլ Փաշինյանի երեխաների կամ ընտանիքի հասցեին։

«Թող նա մտածի այն մասին, թե ինչ է անելու մինչև այս տարվա հունիսի 28-ը, այլ ոչ թե 2031 թվականի մասին, որովհետև նա խաբում է մարդկանց, նրանց համար խնդիրներ ու անհարմարություններ է ստեղծում»,- նշել է նա։