Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը 2025 թվականի օգոստոսի 8-ին հնարավոր դարձավ նախորդող ջանքերի շնորհիվ․ օգոստոսի 8-ը «օդից չի ընկել», այլ երկկողմ աշխատանքի գագաթնակետն էր, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունն էական դեր խաղաց։ Մայիսի 26-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նրա խոսքով՝ խաղաղությունը հաստատվել է օգոստոսի 8-ին՝ Թրամփի աջակցությամբ ու մասնակցությամբ։ Փաշինյանը պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել մեկ պատճառով. 2025 թվականի մարտի վերջին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
«Այսինքն՝ մենք արդեն ունեինք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը, որը պատրաստ էր ստորագրման։ Դրանից հետո տեղի ունեցավ իմ առաջին աշխատանքային այցը Թուրքիա. ես մեկնեցի Ստամբուլ և հայտարարեցի մեր ռազմավարության մասին։ Դրանից հետո Աբու Դաբիում երկկողմ հանդիպում տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ»,- հիշեցրել է նա։
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը պետք է ունենա սեփական միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու կարողություններ և հմտություններ։ Մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանն ուղղակիորեն չէր շփվում ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ, իսկ երբ անհրաժեշտություն էր առաջանում հաղորդակցվել Ադրբեջանի հետ, դա արվում էր երրորդ երկրների միջոցով։
«Որոշ ժամանակ անց մենք զգացինք, որ ինչ-որ բան այն չէ։ Հետո հասկացանք, որ ո՛չ մեր ուղերձներն էին ճշգրիտ տեղ հասնում, ո՛չ էլ Ադրբեջանի պատասխանները։ Ընդ որում, դա միշտ չէ, որ արվում էր չարամտորեն, քանի որ կան նրբություններ, և ազդակները փոխանցվում են աղավաղված տեսքով։ Հետևաբար, մենք որոշեցինք, որ պետք է մեր միջավայրում ապրենք ինքնուրույն և մեր հարցերը հնարավորության սահմաններում լուծենք ինքնուրույն։ Սակայն դա չի նշանակում, թե մենք մեկուսանում ենք միջազգային հանրությունից»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։











