Ծառուկյանն այդ մակարդակին չի իջնի, իսկ ամենագլխավորն այստեղ այն է, որ երկրի ղեկավարն այսօր ժողովրդին ասելու այլևս ոչինչ պարզապես չունի։ Այդ մասին հունիսի 3-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարձակումներին, որն իր ընդդիմախոսներին «բանտային երկար տարիներ» էր խոստացել։

Նա ընդգծել է, որ գործող վարչապետն ութ տարիների ընթացքում հնչեցրել է միայն դատարկ սուտ, խաբել է հասարակությանը, և այն ամենը, ինչ նա խոստացել է, արդյունքում տեղի է ունեցել ճիշտ հակառակը։ Ծառուկյանի խոսքով՝ այդ ութ տարիների ընթացքում կառավարության ղեկավարը հասցրել է ոչ միայն բերել ու սկսել կործանարար պատերազմ, այլև դրան զուգահեռ տնտեսական պատերազմ սանձազերծել։

«Այսօր այդ մարդը գտնվում է հոգեվարքի մեջ, որովհետև մենք հստակ ու առարկայական խոսում ենք խնդիրների, հարցերի և դրանց լուծման ուղիների մասին, իսկ նա պատասխանելու ոչինչ չունի», - իր հասցեին հնչած հարձակումները մեկնաբանելիս նշել է Գագիկ Ծառուկյանը։

Նա հավելել է, որ համաշխարհային մասշտաբի մեծ մարտահրավերների ֆոնին իշխանությունները գործում են բացառապես վախի ազդեցության տակ։ Ծառուկյանը վստահություն է հայտնել, որ երկրին անհրաժեշտ են քայլեր, որոնք թույլ կտան քաղաքացիներին վարկային համաներման միջոցով դուրս բերել պարտքային փոսից, ինչպես նաև կապահովեն անվճար և հասանելի առողջապահություն։ Կուսակցության առաջնորդն ընդգծել է, որ Հայաստանին հիմա պետք են արարում, բարություն, հարգանք և համերաշխություն՝ կոչ անելով ընտրողներին քվեարկությանը մոտենալ գիտակցաբար, քանի որ հենց իրենք են ընտրելու այն ապագան, որը ցանկանում են տեսնել վաղը։

Հիշեցնենք, որ այսօր արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Ծովիկ գյուղում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ կոշտ սպառնալիքներով ու մեղադրանքներով էր հանդես եկել Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի հասցեին։

«Այդ մարդիկ (խմբ. նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին), որոնք այսօր ուզում են հանդես գալ ուժեղի կամ հզորի դերում, իրենց կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել։ Նրանք իրենց ամբողջ գործունեությունը ծավալել են հովանավորչության ներքո, և այսօր էլ դա այդպես է։ Մենք համբերատար սպասում էինք, բայց Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ միասին Հայաստանում դատաիրավական մաֆիան պետք է արմատախիլ արվի, որովհետև նրանք 8 տարի թևեր են փռել Ծառուկյանի, Քոչարյանի, կալուժսկի Սամոյի կլանի վրա։ Նրանք պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում, և Հայաստանում դատաիրավական մաֆիան պետք է ջախջախվի»,- ասել էր Փաշինյանը։