Հայաստանը կարող է լավ ու արժանապատիվ հարաբերություններ ունենալ բոլորի, այդ թվում՝ հարևանների հետ։ Հրազդանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ դրա մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Մեկնաբանելով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի վերջերս արած խոստովանությունն այն մասին, որ Հայաստանը կամավոր հանձնել է ռազմավարական կարևորություն ունեցող Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանին, քաղաքական գործիչը, ակնարկելով վարչապետ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, ենթադրել է, թե դա արվել է, որովհետև այնտեղ ձյուն է՝ «թող Ալիևը մաքրի»։ Ըստ Քոչարյանի՝ այս տրամաբանությամբ նույն ճակատագրին կարող են արժանանալ Սյունիքը և այլ շրջաններ։
Քաղաքական գործիչը հիշեցրել է երեք փաստ Հայաստանի վերջին պատմությունից՝ Արցախի կորուստը և 150 հազար փախստականները, պատերազմը՝ 5 հազար զոհով ու 12 հազար վիրավորով, և կորոնավիրուսից մահացությունը, որը երեք անգամ բարձր էր համաշխարհային միջին ցուցանիշից։
«Փաշինյանը վատթարագույն սցենարների վարպետ է։ Միշտ ընտրում է վատթարագույնը։ Դա բնավորություն է։ Կարող եմ բազմաթիվ այլ օրինակներ բերել, բայց այս 3-ն ամենացայտունն են։ Ինչին դիպչում է, կործանում է բերում։ Իր մահաբեր երթը նա սկսել է (2008 թ.) մարտի 1-ից»,- հիշեցրել է Քոչարյանը՝ հավելելով, որ հենց Փաշինյանն է սադրել առաջին ոստիկանի և ևս 9 հոգու մահը, իսկ ինքը փախել է։
«Հերոստրատի փառքը նրան հանգիստ չի տալիս։ Մեծացնում է մասշտաբները։ Մարտի 1-ը թրեյնինգ էր քաղաքացիների կյանքի հաշվին։ Այս մարդն այլ կերպ ապրել չի կարող, պետք է բախումներ սադրի և թշնամանք սերմանի։ Նա քայլող ատելություն է ու պատուհաս։ Նոր թափով նոր արկածախնդրություն է սկսել։ Հետևողականորեն փորձում է քանդել հարաբերությունները Ռուսաստանի հետ, անհասկանալի է թե ինչու. Բրյուսելում ինչ-որ մեկին դուր գալու համա՞ր։ Հայ ժողովրդին դա պե՞տք է։ Մենք լավ հարաբերություններ ենք ուզում և՛ Բրյուսելի, և՛ Վաշինգտոնի, և՛ Մոսկվայի հետ։ Դա հնարավոր է, և մենք դա արել ենք նույնիսկ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այն, ինչ անում է Փաշինյանը, հսկայական հարված կհասցնի գյուղատնտեսությանը»,- զգուշացրել է Քոչարյանը։
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը նկատել է, որ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ է գյուղմթերքը, նա այդ նույն մթերքի լուռ սպառողն է (Քոչարյանն ակնարկում է այս ու այնտեղ ուտող Փաշինյանի մշտական ցուցադրությունները)։ «Ես նրան անվանում եմ սեղանի կոմբայն»,- կիսվել է նա իր դիտարկմամբ։
«Պացիենտը պետք է հասկանա, որ հայ ժողովուրդը ուզում է ապրել հանգիստ ու խաղաղության մեջ, այլ ոչ թե խցկվել օտար խնդիրների մեջ։ Մարդկանց թթվածին է պետք, իսկ Փաշինյանին՝ ատելություն։ Նա վիրուսակիր է։ Նա խնդրի մի մասը չէ, նա ինքը ոտքից գլուխ խնդիր է։
Հայաստանը կարող է լավ հարաբերություններ ունենալ բոլորի, նույնիսկ հարևանների հետ։ Լավ հարաբերությունները արժանապատիվ հարաբերություններն են, այլ ոչ թե «ենթակա-շեֆ» տարբերակը։ Մենք կարող ենք դա անել և վերադարձնել Հայաստանի հանդեպ հարգանքը ։ Իսկ մեր տարածաշրջանում այլ կերպ պետություն լինել հնարավոր չէ, թե չէ կպատռեն։ Խնդիրը մեր ժողովրդի ու պետության մեջ չէ, այլ Փաշինյանի։ Չկա Նիկոլը՝ չկա խնդիր, չկա պատերազմ, չկա ճգնաժամ, չկա ազգային նվաստացում։ Անհրաժեշտ է ազատվել Ալիևի կուսակալից»,- եզրափակել է քաղաքական գործիչը։











