Մենք մանդատակռիվ չենք անում, բայց ի սկզբանե հայտարարել ենք և վերահաստատում ենք, որ գնալու ենք մեր ամեն մի ընտրողի ձայների հետևից և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը տրված վստահության յուրաքանչյուր քվեարկությանը»։ Հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը՝ ձայների հաշվարկի շուրջ գիշերային զարգացումները որակելով ծայրահեղ մտահոգիչ և «տարօրինակ»։ Նա նշել է, որ քաղաքական ուժն արդեն նախաձեռնել է հրապարակված տվյալների վերահաշվարկի գործընթացը, քանի որ վերջնական թվերի հրապարակման ամենավերջին պահին կուսակցության ձայների պակաս է արձանագրվել՝ բառացիորեն տոկոսի հազարերորդականների ճշտությամբ։

Իր ելույթում Աբովյանն առանձնակի ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ գիշերային ամփոփման ընթացքում, կայքի էջը թարմացնելիս, կուսակցության ստացած քվեների բացարձակ թվերն անհասկանալիորեն նվազել են։ Նա ընդգծել է, որ խոսքը հենց ձայների բացարձակ քանակի մասին է, այլ ոչ որոշ թուրքամետ և ադրբեջանամետ լրատվամիջոցների կողմից ներկայացված տոկոսների մասին։

«Միայն չորս ընտրատարածքների տվյալների համադրման արդյունքում մեզ արդեն հաջողվել է վերականգնել 120 ձայն, այսինքն՝ մենք գտել ենք դրանք»,- ընդգծել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ կասկածելի ընտրատեղամասերի թիվը մեկով կամ երկուսով չի սահմանափակվում։ Արման Աբովյանը հիմնավոր կասկած է հայտնել այն մասին, որ այս խափանումները ոչ թե տեխնիկական, այլ զուտ քաղաքական բնույթ ունեն։ Ըստ նրա՝ «Բարգավաճ Հայաստանի»՝ որպես երրորդ կամ չորրորդ ընդդիմադիր ուժ խորհրդարան անցնելուց է ուղղակիորեն կախված Ազգային ժողովի ապագա կառուցվածքը և իշխող կուսակցության՝ սեփական նախագծերն առաջ տանելու հնարավորությունը։

Մեկնաբանելով ընդդիմության կողմից հնարավոր բոյկոտի և մանդատներից հրաժարվելու վերաբերյալ լրագրողների հարցերը՝ Աբովյանը զերծ է մնացել կոնկրետ հայտարարություններից՝ պարզաբանելով, որ նման որոշումները կուսակցությունում կայացվում են բացառապես կոլեգիալ կարգով։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է այն աննախադեպ ու խայտառակ ճնշումների մասին, որոնց մթնոլորտում ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», գտնվել են ողջ քարոզարշավի ընթացքում։ Ինչպես նշել է կուսակցության ներկայացուցիչը, նախընտրական մրցավազքի եզրափակիչ փուլում իրենց քաղաքական ուժը դարձել էր իշխանության ներկայացուցիչների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, թիրախավորման «ամենասիրելի թեման», ով առավոտից երեկո տալիս էր իրենց անունը։ Ամփոփելով խոսքը՝ Արման Աբովյանը վստահեցրել է, որ կուսակցությունը կշարունակի աշխատանք իրականացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ իրավական տիրույթում՝ քվեարկության ճշգրիտ արդյունքները վերականգնելու համար։