Կոտայք մարզի Առինջ գյուղի թիվ 28/28 ընտրատարածքում, որտեղ իր քաղաքացիական պարտքն է կատարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ժամը 12:00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել են 1629 ընտրողներից 350-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց թիվ 28/28 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Գոռ Սարգսյանը, հավելելով, որ մինչ այս ժամը այս ընտրատարծքում դեռեւս ոչ մի ընտրախախտում չի գրանցվել:

«Արտառոց դեպք եւ ընտրախատումներ առայժմ չեն գրանցվել: Հույս ունեմ, որ այսպես մինչեւ վերջ կշարունակվի: Մի քանի բողոք եղել է միայն կնիքների թանաքի հետ կապված: Սկզբում մեր կնիքը շատ լավ տպում էր, քաղաքացիները, սակայն դժգոհեցին, որ շուտ է անհետանում կնիքը: Ես հանձնարարել եմ ավելի պինդ տպել: Կնիքը, բնականաբար, չի փոխվի: Մենք շարունակելու ենք աշխատել այս կնիքով: Միայն խտացրել ենք թանաքը»,- ասաց թիվ 28/28 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը:

Մինչ նա երկար-բարակ լրագրողներին կբացատրեր թանաքանյութի հետ կապված խնդիրները, այդ պահին Գ. Սարգսյանը զանգ ստացավ ընտրատարածքային հանձնաժողովից: Նրան հանձնարարվեց այդ պահին անմիջապես փոխել կնիքի թանաքը:

«Քանի որ եղան բողոքներ, որ շտամբը չի պահպանվում, մեզ ընտրատարածքային հանձնաժողովի կողմից առաջադրանք տրվեց թանաքը փոխել սովորական թանաքով, նրանով, որն օգտագործում ենք ընտրացուցակներում: Փաստորեն այս ձեւը չարդարացրեց: Քաղաքացիների բողոքը միայն այն է, որ անձնագրերի մեջ երեւա իրենց մասնակցությունն ընտրություններում»,- ավելացրեց Գ. Սարգսյանը:

Ի դեպ, NEWS.am-ի թղթակիցն այս ընտրատեղամասում ականատես եղավ, որ մոտ 60 տարեկան մի տղամարդ քվեախցիկից դուրս գալիս առանց կնքելու քվեաթերթիկները նետեց քվեատուփի մեջ: Նա նաեւ իր անձնագիրը չներկայացրեց հանձնաժողովի անդամին` անձնագիրը կնքելու համար:

NEWS.am-ը հետաքրքրվեց նաեւ թե որքանով ճշգրիտ կատարում իրենց առաքելությունները դիտորդներն ու թեկնածուների վստահված անձինք:

Գ. Սարգսյանը նշեց, որ երեկվանից այստեղ աշխատում է Եվրախորհրդի մի քանի դիտորդ: Այսօր իրենց դիտորդական առաքելությունն են կատարել նաեւ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Իսկ վստահված անձնինք այս ընտրատարածքում միայն երկու կուսակցություններից էին` Գագիկ Ծառուկյանի վստահված անձը եւ ՀՀԿ կուսակցությունից մեկ վստահված անձ:

Նշենք, որ թիվ 28 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության միակ թեկնածու է առաջադրվել Գագիկ Ծառուկյանը: