Էջմիածնում, թիվ 19/11 ընտրատեղամասում, որտեղ առավոտյան ժամը 10:00-ին քվեարկել է Գարեգին Բ կաթողիկոսը, քվեարկությանը մասնակցել է 1827 ընտրողներից 1100-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց 19/11 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մամիկոն Մանուկյանը:

«Օրվա ընթացքում որեւէ դեպք, վեճ, անհամաձայնություն չի գրանցվել: Ընտրություններն անցան բավական հանգիստ մթնոլորտում: Չգիտեմ նախկինում ինչպես է եղել, որպեսզի համեմատեմ, բայց հաշվի առնելով այն, որ ամբողջ օրվա ընթացքում 1827 հոգուց ընտրել է 1100-ը, դա նշանակում է, որ ռեալ ընտրողների 50 տոկոսն ընտրել է: Սա խոսում է ընտրողների ակտիվության մասին: Սխալ տվյալներ չենք ունեցել, մի քաղաքացի է եղել, որ իր տվյալները չկային ընտրացուցակում: Նրան ուղարկել են անձնագրային բաժին»,-ասաց նա:

Իսկ թիվ 19/08 ընտրական տեղամասում 1942 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1044-ը:

Ըստ 19/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Սարդարյանի, օրվա ընթացքում որեւէ միջադեպ չի գրանցվել.

«Ավելին, այսօր քաղաքացիները բավական ակտիվ էին: Ամբողջ օրվա ընթացքում որեւէ բողոք չենք ստացել, միայն գոյացած հերթերից»:

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդ Ալինա Աջարյանն էլ նկատեց, որ նույնիսկ կնիքերի թանաքները խնդիր չեն եղել ընտրատեղամասում:

Նշենք, որ թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ են առաջարդված Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը («Ճոյտ»), Հակոբ Վարշամի Հակոբյանը, Սարգիս Գալուստի Քոչարյանը եւ ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ Սեդրակ Ֆիրդուսի Սարոյանը (գեներալ Սեյրան):