«Ուժեղ Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան է ներկայացրել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում։
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է իրավաբան Արամ Վարդևանյանը, նա դիմումը ներկայացրել է առավոտյան, եղել է փոքր տեխնիկական անճշտություն, որը շտկվել է։ Լրատվամիջոցների հարցերին իրավաբանը կարճ է պատասխանել՝ խոստանալով առաջիկայում մամուլի ասուլիս հրավիրել։
Վարդևանյանը հայտնել է, որ դիմումը բավական ծավալուն է՝ 84 էջ, և վերաբերում է ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելուն։
Նրա խոսքով՝ ՍԴ-ն կարող է ընդունել երեք որոշումներից մեկը՝ անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումը, ընտրությունների արդյունքները, նշանակել 2-րդ փուլ կամ սահմանել մանդատների բաշխման կարգը։ «Ուժեղ Հայաստանը» հակված է երկու որոշումներից մեկին՝ կա՛մ 2-րդ փուլ, կա՛մ արդյունքների անվավեր ճանաչում։ Վարդևանյանը հիշեցրել է, որ ՍԴ-ն դիմումը քննելու է բանավոր կարգով։ Իշխանությունների և ընդդիմության՝ ընտրակաշառքի վերաբերյալ փոխադարձ մեղադրանքների մասին հարցին ի պատասխան իրավաբանն ընդգծել է, որ ընդդիմության մասով փաստեր (դատարանի որոշումներ) չկան, իսկ իշխանությունների մասով կան՝ վարչական ռեսուրսի չարաշահումից մինչև ատելության հռետորաբանություն, ինչպես նաև ԿԸՀ մի շարք գործողություններ։
ՍԴ-ն որոշում կընդունի 15 օրվա ընթացքում։
Միաժամանակ, Վարդևանյանն արձանագրել է, որ բարձրագույն դատարանի կազմում կան դատավորներ, որոնց մասնակցությունն անհնար է։ Նա չի նշել, թե կոնկրետ ում ինքնաբացարկի կամ բացարկի վերաբերյալ են «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները միջնորդելու։
Ընդհանուր առմամբ, Վարդևանյանը նշել է, որ ընտրությունների բոլոր փուլերում եղել են էական խախտումներ։











