«Ինչպիսի որոշում էլ որ ընդունի Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին, այս տարվա խորհրդարանական ընտրությունները՝ համատարած կեղծիքների, վարչական ռեսուրսի, անօրինականությունների և մեր հարյուրավոր քաղաքացիների ու շտաբների աշխատակիցների ձերբակալությունների պատճառով, հայ ժողովրդի պատմության մեջ կմնան որպես բացարձակապես ոչ լեգիտիմ և կեղծված»։ Դրամասին հունիսի 26-ին, Սահմանադրական դատարանի շենքի մոտ ընդդիմադիր ուժերի համատեղ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունների ընտրական մեքենայությունները չեն ավարտվել քվեարկության օրը, այլ շարունակվում են մինչ օրս։ «Բառացիորեն վերջերս հայտնի դարձավ, որ այս իշխանությունը պատրաստվում է հուլիսի 2-ին շտապ կարգով Ազգային ժողովի արտահերթ նիստում փոփոխել Ընտրական օրենսգիրքը։ Դրա հետևանքով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ, որոնք սոցիալական բեռի պատճառով ամիսներով բնակվում և աշխատում են արտերկրում՝ արտագնա աշխատանքի մեջ, կզրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից»,- ընդգծել է Մանուկյանը՝ հավելելով, որ երկրի ղեկավարությունը ամեն օր խախտում է օրենքը։
Գեղամ Մանուկյանը կոչ է արել այն հայրենակիցներին, որոնք այս պահին չեն մասնակցում բողոքի ակցիաներին, ազատվել անվտանգության պատրանքներից։ «Թող ոչ մեկին չթվա, որ եթե իրենք հիմա տանը նստած են, ապա անվտանգության մեջ են։ Մոռացե՛ք այդ մասին․ Նիկոլը գալու է յուրաքանչյուրի տուն, ինչպես գալիս էր այս բոլոր տարիներին»,- հայտարարել է պատգամավորը։ Որպես օրինակ նա բերել է ընտանեկան հանգամանքներով մի քանի օրով Հայաստան ժամանած քաղաքացիների հարկադիր ուղարկումը 25-օրյա վարժական հավաքների։ Մանուկյանի գնահատմամբ՝ իշխանությունը նման քայլերի է դիմում բացառապես սեփական իշխանությունը պահելու համար, ինչով արատավորում է բանակն ու առաջնագիծը։ Նա շնորհակալություն է հայտնել այն կողմնակիցներին, որոնք, չնայած խուզարկությունների և քննիչների այցելությունների սպառնալիքներին, մինչև վերջ մասնակցել են իշխանափոխության համար մղվող քարոզարշավին, և վստահություն է հայտնել ընդդիմության վերջնական հաղթանակի հարցում։











