Հայտնի կատակերգու Սաշա Բարոն Քոենը Ֆրանսուա Օլանդին շնորհավորել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ` իր վերջին կինոհերոսի` մերձավորարեւելյան դիկտատոր «գեներալ Ալադինի» կերպարով:

Խոսելով անգլերեն` նկատելի արաբական առոգանությամբ, «բռնապետը» բացականչել է. «Ջահնուն (Եմենի հրեաների ավանդական ուտեստ): Այդ ես եմ, գեներալ Ալադինը: Իմ շնորհավորանքները Ֆրանսուա Օլանդին, գաճաճների երկրի նոր նախագահին: Բայց ինձ համար Ֆրանսիայի միակ նախագահը Դոմինիկ Ստրոս Կանն է: Դու պետք է ընտրեիր նրան, ֆրանսիացի ժողովուրդ»:

Ինչպես հաղորդում է NEWSru Israel-ը, գեներալ Ալադինը բրիտանացի կատակերգուի վերջին դերն է: «Բռնապետը» ֆիլմը ԱՄՆ կինոթատրոնների էկրաններին կհայտնվի մայիսի 16-ից: Ֆիլմի հերոսը վտանգի ենթարկելով իր կյանքը, ցանկանում է փրկել ժողովրդին ժողովրդավարությունից: