Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը կմասնակցի թուրքական Muhteşem Yuzyıl (Հիասքանչ հարյուրամյակ) սերիալի երկրորդ մասի նկարահանումներին` նվիրված Սուլեյման I Հիասքանչ սուլթանի 46-ամյա գահակալմանը: Այդ մասին հաղորդում է կանացի Al Maraa Al Yawm ամսագիրը:
Հրատարակչության տվյալներով` Փիթը Harem Al Sultan (Կայսրական հարեմ) անունով սերիալում կխաղա եվրոպացի արքայազներից մեկի դերը, որը բախում է ունեցել Սուլեյմանի հետ: Հաղորդվում է, որ հոլիվուդյան աստղը ֆիլմում նկարահանվելու համար 2 միլիոն դոլար կստանա:
Սուլեյման Հիասքանչի կառավարման տարիները նշանավորվել են մի շարք նվաճումներով. Ամենասկզբում նա նվաճեց Հռոդոսը` Սուրբ Հովհաննեսի ասպետների ամրությունը, իսկ վերջում` Հունգարիան եւ Բելգրադը: Սուլեյմանի գեներալները ձախողվեցին միայն Մալթայում, որը եվրոպացիների համար դարձավ լեգենդար խորհրդանիշ այն բանի, որ հաղթանակող իսլամի ամենակործան ալիքը կարելի է կանգնեցնել եւ հակահարված տալ, գրում է MIGnews.com-ը:
Կայքը նշում է, որ նախագծում Փիթի մասնակցության լուրը կարող է նախորդ տարվա նոյեմբերին հայտնված ասեկոսեների կրկնությունը լինել: Այն ժամանակ հաղորդվել էր, որ միեւնույն գումարով` 2 միլիոն դոլարով (թուրքական ստանդարտ հոնորա՞ր), Փիթը կնկարահանվի էպոսի առաջին մասում:











