Դաշինքի առանցքային գործչին ու նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանին կալանավորելու և ազատազրկելու վերաբերյալ իշխանությունների փորձերը բացարձակ թուլության և վստահությունը կորցրած ժողովրդից վախենալու ակնհայտ դրսևորում են։ Հուլիսի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ իշխող ուժը հիանալի գիտակցում է ընտրություններում իր փաստացի պարտությունը և փորձում է լեգիտիմության պակասը փոխհատուցել ապօրինի ճնշումներով, զանգվածային խուզարկություններով և ընդդիմության թեկնածուների ու աջակիցների հետապնդումներով։ «Հաղթանակած մարդն այսպիսի բան անո՞ւմ է։ Եթե սպորտում մի թիմ հաղթում է, ասենք հիմա Իսպանիայի հավաքականը հաղթել է, իրենք ի՞նչ են անում, մի հատ էլ բռնում են հետևից, խաղից հետո կարմիր քարտե՞ր են ցույց տալիս պարտվողին, ասում են՝ տարեք դրան բռնեք։ Ընդդիմությունն ունի բավարար ռեսուրսներ և վճռականություն՝ արդյունավետ քաղաքական պայքար մղելու և երկրում էական փոփոխությունների հասնելու համար»,- ընդգծել է Ղազարյանը։ Պատգամավորը հավելել է, որ իրավական բռնաճնշումները և ընդդիմադիր առաջնորդներին մեկուսացնելու փորձերը չեն կարող կանգնեցնել նրանց քաղաքական գործունեությունն ու Ազգային ժողովում իրականացվող աշխատանքը։