Արագածոտնի մարզի Մելիքգյուղում շոկի մեջ են տեղի ունեցած սպանությունից։
Գյուղի բնակիչները NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ համեստ խեղճ ընտանիք էր, նրանցից երբևէ նման բան չէին սպասի։ Նշենք, որ նախնական տվյալով, 20 եւ 25 ամյա տղաները սպանել են իրենց մորն ու մարմինը թաղել տնից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող կիսակառույց շենքում։
Բնակիչները պատմեցին, որ ընտանիքի հայրը մոտ երեք տարի առաջ էր մահացել, մայրը երկու տղաների հետ էր բնակվում, մեծ տղան Երևանում էր բնակվում և աշխատում, հիմնականում այստեղ լինում էին մայրն ու 20-ամյա որդին։ Վերջինս նաև անասնապահությամբ էր զբաղվում, նախիրն էր տանում արոտ։
Մեր թղթակցին բնակիչները պատմել են, որ տղան առողջական խնդիրներ ուներ և հենց նա է սպանել մորը, իսկ ցուցմունքում տվել է նաև մեծ եղբոր անունը։
«Ամիսներ շարունակ տարբեր վարկածների մասին ենք լսել, խոսել, սակայն երբևէ չենք մտածել, որ հարազատ որդին կարող էր սպանել մորը։ Առողջական խնդիր ունի, որ այդ քայլին կերթա մարդը, բա ինչի համար այդպիսի բան պիտի աներ»,– ասել է բնակիչներից մեկը՝ հավելելով, որ գրտնակով են սպանել կնոջը։











