Հայաստանում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի իրավական գործընթացների հետ։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն օր խախտվում է Սահմանադրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ՊԵԿ շենքի մոտ, որտեղ հարցաքննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հայտնել է ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։

Նրա գնահատմամբ՝ ամբողջ գործընթացը լիովին քաղաքական հետապնդում է։ «Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես էր նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարում Գագիկ Ծառուկյանից ամեն ինչ խլելու մտադրության մասին, ինչը նաև ուղիղ ցուցում էր իրավապահներին։ Ոչ միայն գործն է շինծու, այլև քննությունն է ընթանում օրենքի խախտումներով։ Սա անօրինականություն է», - հայտնել է Վարդանյանը։ Խոսելով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելու և նրան վկայի կարգավիճակ տալու մասին՝ նա դա անվանել է օրենքի խախտում։

«Իշխանությունները փորձում են ցույց տալ, որ ոչ ոք չի կարող այլ կարծիք ունենալ։ Իսկ իշխանություններն անում են այն, ինչ ցանկանում են՝ չսահմանափակվելով ոչ օրենքով, ոչ իրավունքով, ոչ էլ այլ մարդկանց շահերով», - ընդգծել է քաղաքական գործիչը։

Վարդանյանը հավելել է, որ իրավապահ համակարգն ու դատարանը դարձել են իշխանությունների կամակատարները՝ կատարելով նրանց ցուցումները։ Հազվադեպ բացառություններով, բայց նման դատավորներին շտապ փորձում են ենթարկել կարգապահական պատասխանատվության», - արձանագրել է Վարդանյանը։