Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 30-ին լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ վերջերս հոսպիտալացված ժամկետային զինծառայողն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։

Անդրադառնալով ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողին ծեծի ենթարկելու մասին տեղեկություններին և դրան ՄԻՊ աշխատակազմի արձագանքին՝ պաշտպանը նշել է, որ զինծառայողի հետ առանձնազրույցի ընթացքում շոշափված հարցերի մի մասը կրել է անձնական բնույթ։ Դրանք վերաբերել են նաև նրա հոգեկան վիճակին։

Մանասյանի խոսքով՝ զինծառայողի հետ առանձնազրույցի ընթացքում դաժան ծեծի նշաններ չեն արձանագրվել։

«Այդ զրույցը հիմնված է եղել վստահության վրա։ Զրույցի ընթացքում ես խոստացել եմ չհրապարակել նրա հայտնած հանգամանքները, քանի որ շոշափված հարցերի մի մասը կրում էր անձնական բնույթ և վերաբերում էր, այդ թվում, նրա հոգեբանական վիճակին», — նշել է ՄԻՊ-ը։

Այս կապակցությամբ, ինչպես պարզաբանել է Մանասյանը, ինքը չի կարող հայտնել գործի որոշ մանրամասներ՝ հավաստիացնելով, որ հարցը գտնվում է իր անմիջական հսկողության տակ։

«Մենք ակտիվորեն զբաղվում ենք դրանով։ Այս պահին դիտարկման փուլում է գտնվում նաև նրա հոգեկան վիճակը։ Ուստի խնդրում եմ հանրային հաղորդակցության շրջանակում զգայունություն ցուցաբերել այս հարցի նկատմամբ», — հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանը։

Նա նաև նշել է, որ ակնկալում է այս հարցի շրջանակում պատշաճ որոշման ընդունում, քանի որ դա էական նշանակություն է ունենալու հետագա զինվորական ծառայությանը նրա պիտանիության կամ ոչ պիտանիության գնահատման հարցում։

Հայաստանի ՄԻՊ-ը միևնույն ժամանակ հստակեցրել է, որ ժամկետային զինծառայողը ծառայությունն անցնում է 7-րդ հոդվածի «գ» կետով (հիվանդությունների բժշկական ցանկի կետ, որը սահմանում է զինվորական ծառայությանն անպիտանելիության կարգը որոշակի թեթև կամ քրոնիկ ախտաբանությունների առկայության դեպքում - խմբ․), որի համաձայն նա ճանաչվել է ծառայության համար պիտանի, սակայն՝ սահմանափակումներով։