Լիպարիտ Դրմեյանը հայց է ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դրմեյանը, ով այժմ «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ է, քիչ առաջ ներկայացել է դատարան՝ հայցադիմումը ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ Գլխավոր դատախազությունը ստուգումներ էր սկսել Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հնարավոր հանցագործության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։

Հուլիսի 30-ին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում Փաշինյանը, Դրմեյանին փաստացի անվանելով «ՀԷՑ-ի մարդ» և մեղադրելով Սամվել Կարապետյանի օգտին աշխատելու մեջ, իրավապահ մարմիններին ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կոչ է արել ստուգել նրա գործունեությունը, բանկային հաշիվներն ու գույքը։ Վարչապետը հայտարարել է, թե նպատակ չունի խախտել նախկին պաշտոնյայի անմեղության կանխավարկածը, սակայն կարծում է, որ իր հնչեցրած տեղեկությունները պետք է քննության առարկա դառնան։ Փաշինյանի վարկածով՝ պետական ապարատում գործել է «տրոյական ձի», որը սպասարկել է մասնավոր ընկերության շահերը։ Նա պնդում է, որ Դրմեյանը կառավարությունից տեղեկություններ է փոխանցել լրատվամիջոցներին ու քաղաքական շրջանակներին, ինչպես նաև պատրաստել է փաստաթղթեր, որոնք հակասել են գործադիրի դիրքորոշմանն ու վարչապետի հանձնարարականներին։ Փաշինյանի այս հայտարարությունը հնչել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության շուրջ ընթացող արբիտրաժային վեճի համատեքստում։