Այսօր ամոթի օր է․ Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ մեր հոգևոր հորը և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին։ Այս մասին օգոստոսի 7-ին Ազգային ժողովի նիստում, ընդդիմությունից խորհրդարանի փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
Նրա խոսքով՝ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ոտնձգություն ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու, այլև Սահմանադրության նկատմամբ, որտեղ հստակ ամրագրված է, որ քաղաքական իշխանությունն իրավունք չունի միջամտել հոգևորականության ներքին գործերին։
Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրել է 2025 թվականի մայիսի 22-ին Ադրբեջանի կրոնական գործչի՝ շեյխ-ուլ-իսլամ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի լայնորեն քննարկված ելույթը, որում վերջինս Հայ Առաքելական եկեղեցին անվանել էր տարածաշրջանի երկրների համար սպառնալիք և հայտարարել, թե Սուրբ Էջմիածինը գտնվում է «պատմական ադրբեջանական հողերում»։ Բացի այդ, նա Հայ Առաքելական եկեղեցուն մեղադրել էր այն բանում, որ այն ռևանշիստական կառույց է։
Խորհրդարանականը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այդ ելույթից ընդամենը մի քանի օր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարձակումներով հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու հասցեին։
Խոսելով նաև հայ ռազմագերիների հարցով Բաքվի «վերաքննիչ դատարանի» կայացրած որոշման մասին՝ Ղահրամանյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները անհաջողություն են կրում արտաքին քաղաքականությունում, իսկ ներքաղաքական ոլորտում խարխլում են ազգային համերաշխությունը։
Անդրադառնալով Արամ Վարդանյանի թեկնածությանն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում՝ Ղահրամանյանը հայտարարել է.
«Ձեր փորձի շնորհիվ դուք կկարողանաք բարձրացնել խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը և բարելավել նրա ընկած վարկանիշը»։











