Ռուսաստանի Դաշնությունը սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետականության համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, ընդդիմությունից խորհրդարանի փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, օգոստոսի 7-ին հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Այսպես նա արձագանքել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին, որը հետաքրքրվել էր ընդդիմությունից՝ արդյոք նրանք Մոսկվայի գործողություններում երկրի համար սպառնալիք տեսնում են, թե ոչ։

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանված ներմուծման սահմանափակումների հարցին՝ Սաղաթելյանը, մասնավորապես, նշել է, որ չգիտի՝ դրանք արդարացված են, թե ոչ։

«Բայց ես գիտեմ, որ ապրանքների ներմուծման արգելքը քաղաքական որոշում է։ Արդյո՞ք այս քաղաքական որոշումը գործընկերային է։ Այդ հարցին ինքներդ պատասխանեք։ Ես Ռուսաստանի նախագահին մոտիկից չեմ տեսել։ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, որ Վլադիմիր Պուտինն իր ավագ ընկերն է, և որ նա Պուտինի հետ ավելի հաճախ է շփվում, քան Հայաստանի երեք նախկին նախագահները միասին վերցրած։ Ուստի գնացեք և կարգավորեք այդ հարաբերությունները։ Դուք եք ստեղծել այս ճգնաժամը, որի համար վճարելու են Հայաստանի քաղաքացիները», - ասել է պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության վիճակի հարցին՝ հայտարարելով, որ երկրում կատարվողը շատ հեռու է «ժողովրդավարություն» հասկացությունից։ Նա նշել է, որ ժողովրդավարությունն ունի 4 կարևոր սկզբունք՝ ազատ ընտրության և ընտրվելու իրավունք, խոսքի ազատության, սեփականության իրավունք, ինչպես նաև աշխատանքի իրավունք, որոնք իշխանությունները խլել են ժողովրդից։