Օգոստոսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները «բողոքի ակցիա» իրականացրին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվան հիշատակման պատճառով։

Այդ պահին խորհրդարանի ամբիոնից ելույթ էր ունենում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկում էր Կաթողիկոսի հետ կապված հարցը...»,- իր ելույթը սկսեց Վարդանյանը, որից հետո իշխող կուսակցության պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին։

Նշենք, որ երբ իշխող կուսակցության պատգամավորներն իրենց ելույթներում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կոչում են աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան, և այդ ժամանակ սեղաններին սկսում են հարվածել ընդդիմության ներկայացուցիչները։ Ընդ որում, Սուրբ Էջմիածնի առաջնորդի անձնագրում հստակ նշված է՝ «Գարեգին Բ»։

«Բրավո՛»,- ասաց Վարդանյանը և շարունակեց ելույթը։

Սակայն այն երկար չտևեց, քանի որ երբ Վարդանյանը կրկին արտասանեց «Կաթողիկոս» բառը, ՔՊ–ական պատգամավորները նորից սկսեցին սեղաններին հարվածել։ Ընդ որում՝ ավելի բարձր։

«Շատ լավ, եկեք խաղանք այս խաղը»,- հայտարարեց Վարդանյանը և սկսեց կրկնել. «քննարկում էր Կաթողիկոսի հետ կապված հարցը», «քննարկում էր Կաթողիկոսի հետ կապված հարցը»։

Ամբողջ այդ ընթացքում իշխող կուսակցության ներկայացուցիչները շարունակում էին սեղաններին հարվածել։ Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորները սկսեցին ծափահարել՝ այդպիսով աջակցելով իրենց գործընկերոջը։

«Կարծում եմ՝ սա բավական է, հարգելի՛ գործընկերներ»,- միջամտեց Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Քրիստինե Վարդանյանն, իր հերթին, ներողություն խնդրեց «մանկապարտեզի հերթական նախապատրաստական դասընթացի» համար։

Ի պատասխան՝ Ռուբինյանը նրան կոչ արեց պահպանել կոռեկտությունը։

«Այստեղ շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չէ։ Խնդրում եմ մնալ կոռեկտության սահմաններում»,- ասաց Ռուբինյանը՝ թույլ տալով շարունակել ելույթը։