Ես այսքան տարիներ ապրում եմ Էջմիածնում, բայց ոչ մի անգամ չեմ տեսել, որ գեներալ, լուսահոգի Մանվել Գրիգորյանը որևէ մեկի վզին շղթա կապի ու սկսի նրան քաղաքի փողոցներով պտտեցնել։ Այս մասին օգոստոսի 14-ին Ազգային ժողովի նիստում, տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի՝ նախօրեին ԱԺ ամբիոնից հրապարակած տեսագրությունը։
Տեսանյութում, մասնավորապես, երևում էր, թե ինչպես որոշ մարդիկ մարդու վզին շղթա գցած նրան «ջուր խմեցնելու» են տանում։ Ալեքսանյանի պնդմամբ՝ այս տեսանյութը պատկանել է գեներալ Մանվել Գրիգորյանին։
Այնուամենայնիվ, Խաչատրյանը դատապարտել է նման անմարդկային վարքագիծը։
«Պարզապես ես այդպես էլ չհասկացա, թե Մանվել Գրիգորյանն այստեղ ինչ կապ ունի։ Չէ՞ որ տեսանյութում ես նրան այդպես էլ չտեսա»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Միևնույն ժամանակ, նա խորհրդարանի փոխնախագահին կոչ է արել դիմել Էջմիածնում ապրող և աշխատող իր կուսակիցներին։ Խաչատրյանի խոսքով՝ նրանցից շատերը անձամբ ծանոթ են եղել Մանվել Գրիգորյանին և իրենց առաջխաղացմամբ պարտական են նրան։
«Ես նման դրսևորումներ (խոսքը նախկինում հիշատակված տեսագրության մասին է - խմբ.) չեմ տեսել, բայց տեսել եմ, թե ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այգում տեղի էին ունենում այլ գործողություններ ու դրսևորումներ, որոնքևս արժանի են դատապարտման։ Այնուամենայնիվ, ես ոչ մի անգամ ձեզնից կամ ձեր կուսակիցներից նման խոսքեր չեմ լսել։ Օրինակ՝ ես տեսել եմ մարդկանց, որոնք կանգնում էին ուղիղ մեր կաթողիկոսների գերեզմանների վրա։ Ես տեսել եմ մարդկանց, որոնք ոտքերով հարվածում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դռներին։ Ես տեսել եմ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, որոնք դիմակներով փորձել են կոտրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կացարանի դռները»,- հայտարարել է պատգամավորը։











