Այս երկու օրը նախագահող անձն ամեն ինչ անում է, որպեսզի խորհրդարանի նիստը վերածվի 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստի։ Օգոստոսի 17-ին Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները։

«Երեկ նա խոսում էր բռնցքամարտից, իսկ այսօր խոսում է առողջությունից։ Խնդրում եմ, որպեսզի այնպես չստացվի, որ քաղաքավարությամբ ու նորմալ աշխատանքային հարաբերություններով շահագրգռված միակ կողմը մնամ ես։ Մեզ մոտ Բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ (բռնցքամարտի տանձիկներ – խմբ.)։ Ընդ որում՝ շատ ինքնավստահ «տանձիկներ»։ Ինչ վերաբերում է առողջությանը, ապա մենք լիովին կարող ենք առողջապահական հարցերով խորհրդակցություններ անցկացնել։ Ես պարզապես՝ որպես վերջին մարդ, որն ամեն ինչ անում է, որպեսզի 9-րդ գումարումը չվերածվի 8-րդի, կոչ եմ անում․ եկեք այստեղ նորմալ աշխատանքային զրույց վարենք՝ առանց Տիգրան Կարապետյանի ու նրա «ԱԼՄ»-ի ձևաչափով պոետիկ զեղումների։ Եկեք կոնկրետ գործով զբաղվենք»,- այս մասին հայտարարել է Կարապետյանը։

Ռուբինյանն ի պատասխան նշել է, որ առողջության մասին ամենասկզբում խոսել է Կարապետյանի գործընկերը։

«Եվ ես արդեն բազմիցս ասել եմ․ եթե դուք որևէ բան եք հայտարարում այս դահլիճում, ապա անպայման համարժեք պատասխան եք ստանալու։ Հույս ունեմ, որ քաղաքավարության սկզբունքը կշարունակի պահպանվել»,- հավելել է ԱԺ փոխնախագահը։