Շիրակի մարզի դատախազը դիմել է «Գալա» հեռուստաընկերությանը` խնդրելով մարզի դատախազությանը տրամադրել ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեսանյութի մեջ պատկերված անձանց ինքնության վերաբերյալ տվյալներ՝ այդպիսիք ունենալու դեպքում:

Դտախազության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է.

«Գալա» հեռուստաընկերության` մայիսի 6-ին ցուցադրած տեսանյութի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի` մայիսի 6-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի շուրջ քաղաքացիներ են հավաքված եւ ըստ հեռուստաընկերության հաղորդման` ընտրակաշառք են բաժանում:

Ընտրակաշառք բաժանելու հանգամանքը պարզելու, ավտոմեքենայի մեջ գտնված, դրա շուրջ հավաքված քաղաքացիների ինքնությունը պարզելու համար մայիսի 6-ին եւ 8-ին Շիրակի մարզի դատախազը հանձնարարել էր ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնի պետ Վ. Շաշիկյանին  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել:

Նկատի ունենալով, որ մինչ օրս նշված անձանց ինքնությունները չեն պարզվել եւ քննության չեն ներկայացվել` Շիրակի մարզի դատախազը մայիսի 14-ին գրավոր հանձնարարել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կ. Բաբակեխյանին՝ սեղմ ժամկետում ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում գտնված եւ ավտոմեքենայի շուրջ հավաքված անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ քննության ներկայացնելու ուղղությամբ:

Միաժամանակ՝ Շիրակի մարզի դատախազը գրավոր դիմել է  «Գալա»  հեռուստաընկերության տնօրեն Վ. Խաչատրյանին` խնդրելով մարզի դատախազությանը տրամադրել տեսանյութի մեջ պատկերված անձանց ինքնության վերաբերյալ տվյալներ՝ այդպիսիք ունենալու դեպքում: