Ինչպե՞ս եք վերաբերվում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը։ Նման հարց այսօր՝ օգոստոսի 19–ին, Ազգային ժողովի նիստում՝ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ տվեց իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ դիմելով նշված պաշտոնի թեկնածուին՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանին։

Հարությունյանը նկատի ուներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։ Հովսեփյանն, իր հերթին, Հարությունյանից հարցրեց՝ արդյոք ճիշտ է հասկացել նրա ակնարկը։

«Դուք ուզում եք, որ ես ուղիղ ասեմ՝ արդյոք ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ։ Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ճանաչում եմ այն վայրը, որտեղ ծնվել եմ, որտեղ մեծացել եմ, ամուսնացել եմ, որտեղ գտնվում են իմ նախապապերի և հորս գերեզմանները, և երբեք չեմ մոռանա, ինչպես չեն մոռանա նաև մնացած 120 հազարն ու բազմաթիվ այլ հայեր»,- պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը։

«Ինձ մոտ միշտ մեկ հարց է առաջանում. ի՞նչ է զգում հայը, երբ արցախցուն նման հարց է տալիս՝ արդյոք նա ճանաչո՞ւմ է Արցախը Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ նպատակով եք դա անում։ Որպեսզի ցավ պատճառե՞ք։ Ձեր հարցերն արդեն վաղուց չեն կարող ինձ ցավ պատճառել, որովհետև ես տեսել եմ Արցախի անկումը։ Ավելին, դա էլ ավելի է մեծացրել իմ տոկունությունը, բայց միևնույն է՝ ցավոտ է։ Եվ գիտե՞ք՝ հատկապես ինչն է ինձ ցավ պատճառում։ Այս հիշողությունները»,- ասաց խորհրդարանականը, որը հարկադրաբար լքել է Լեռնային Ղարաբաղը։

Այդ ընթացքում Հարությունյանը շարունակեց։ Մասնավորապես, նա հայտարարեց, որ Հովսեփյանի խոսքը այլ կերպ կընդունվեր, եթե նա 2022 թվականին սեփական դիմումով աշխատանքից ազատման դիմում գրեր և հեռանար Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Արեգա Հովսեփյանը, ի պատասխան, հայտարարեց, որ ԱԳՆ-ից ազատման դիմումը գրել է դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին, սակայն, հետևելով կոչերին, սպասել է 2021 թվականի ընտրություններին՝ ակնկալելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձախողում կունենա։ 2021 թվականից նա գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում, իսկ ԱԳՆ-ից ազատման դիմումը գրել է 2023 թվականին՝ դեռևս գտնվելով մայրության արձակուրդում։

Նշենք, որ Հարությունյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, օգտագործում էր «Ղարաբաղ» եզրը։ Հովսեփյանը նույնիսկ մեկ անգամ «ուղղեց» իր գործընկերոջը՝ օգտագործելով «Արցախ» եզրը, սակայն դա ակնհայտորեն դուր չեկավ Հարությունյանին, և նա բավական կոշտ հակադարձեց՝ ուղիղ նայելով նրան. «Ղարաբաղ»։