Առավոտյան ժամը 7-ից խուզարկություն է իրականացվում պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում և ընտանիքին պատկանող օբյեկտներում։ Պատճառն այնքան ակնհայտ է, որ մեկնաբանության կարիք չունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Քոչարյանի օգնական Աթուր Սուքոյանը։
«Մի քանի տարի առաջ ապացուցվեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական պատվեր էր՝ վարչապետի և ԱԱԾ տնօրենի միջև հրապարակված հեռախոսազրույցի շնորհիվ։ Հիմա իրավիճակն այլ է։ Երեկ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ուղիղ հայտարարեց կոնկրետ անձանց մասին, որ նրանք պետք է զրկվեն գույքից և կալանավորվեն։ Հայտարարությունները հակաօրինական և աբսուրդային էին, նա ասում էր, թե «հասարակությունը պահանջում է այս մարդկանց կալանքը» և «ես չեմ կարող հասարակությանը բացատրել, որ դատարանները պետք է գործեն օրենքով սահմանված կարգով»։ Երեկվա հայտարարությունն ուղղված էր այսօրվա գործողությունները արդարացնելուն, թե ինչու է նա միջամտում դատական և իրավապահ կառույցների գործունեությանը», - նշել է Սուքոյանը։
Ինչ վերաբերում է այս բնակարանին, Փաշինյանը, նկատի ունենալով Լևոն Քոչարյանին, հայտարարել էր, որ նրա երեխաները «չպետք է ժառանգեն այս բնակարանը»․ «Եվ ընդամենը մի քանի ժամ անց երեխաների ներկայությամբ ԱԱԾ աշխատակիցները ներխուժում են բնակարան։ Այս շոուի իմաստն այն է, որ մարդը «պահեց իր խոսքը»։ Եթե նախկինում նա թաքցնում էր իր մտադրությունները, ապա այս ծրագրում ուղիղ խոսում է Երրորդ Հանրապետության, Հայ Առաքելական եկեղեցու կործանման և երկրի տարածքները հարևան պետությանը հանձնելու մասին»։
Սուքոյանի խոսքով՝ չի բացառվում նաև, որ պատճառը Լևոն Քոչարյանի՝ դավաճանության մասին ելույթն է եղել։ «Նա այդ հայտարարությունն արեց, որովհետև Փաշինյանն ասում էր՝ «հասարակությունը պահանջում է»։ Ի պատասխան՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ հասարակությունը նաև այլ բան է պահանջում։ Ես չեմ տեսել, որ հասարակությունը պահանջի, որպեսզի Լևոն Քոչարյանի երեխաները չժառանգեն բնակարանը։ Բայց եթե ենթադրենք, որ այդպիսի բան կա, ապա Փաշինյանը պետք է պատրաստ լինի, որ երբ այլևս իշխանության մեջ չլինի, իր հետ էլ վարվեն այնպես, ինչպես հասարակությունն է պահանջում։ Իսկ պահանջները ավելի խիստ կլինեն, քան ինչ-որ գույքային հարցերը», - հայտարարել է Սուքոյանը։
Հարցին, թե ընդդիմության վրա ճնշում գործադրելով՝ որոնք են Փաշինյանի քաղաքական շարժառիթները, Սուքոյանը ենթադրել է․ «Չեզոքացնել ընդդիմադիր գործիչներին։ Նրանց պատկերացմամբ՝ Լևոն Քոչարյանը կամ մյուս գործընկերները կարող են վախենալ։ Բայց ԱԱԾ-ականների հայտնվելուց կարող են վախենալ միայն երեխաները, ոչ ես, ոչ էլ իմ գործընկերները չենք վախենում։ Փաշինյանի գործողությունները չեն աշխատի։ Մարդիկ կարող էին 2018-ին քաղաքականություն չմտնել, Հայաստան չվերադառնալ և իրենց գույքի մասին չանհանգստանալ»։
Սուքոյանը նաև հիշեցրել է՝ կան նաև «նախկիններ», որոնք ներգրավված են եղել կոռուպցիոն սկանդալներում, սակայն միացել են ՔՊ-ին և այդ պատճառով որևէ խնդիր չունեն, այսինքն՝ ընդհանուր լեզու գտնելը նրանց համար դժվար չի եղել։
Նշենք, որ Լևոն Քոչարյանի երեք փոքր երեխաները գտնվում են այն բնակարանում, որտեղ ԱԱԾ աշխատակիցները դիմակներով արդեն մի քանի ժամ է խուզարկություն են իրականացնում։











