Տասը րոպեն բավարար չէ՝ թվարկելու համար այն բոլոր նախընտրական և ծրագրային խոստումները, որոնք տվել է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և չի կատարել։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27-ին, Ազգային ժողովի նիստում, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Միևնույն ժամանակ, չեմ կարող հիշել գեթ մեկ խոստում, որը Փաշինյանը տվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և չի կատարել»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «այնպես չէ, որ չի ներում հանցագործությունները»։ Այն պարզապես չի ներում ընդդիմադիրներին։ Ընդ որում՝ այն բանի համար, որ վերջիններս 8,5 տարվա ընթացքում գործարքների չեն գնացել և այդ ամբողջ ժամանակ պայքարել են նրա դեմ։

«Երկրորդ նախագահի և նրա ընտանիքի անդամների մոտ խնդիրներ չէին լինի, եթե նրանք պայմանավորվեին «Քաղաքացիական պայմանագրի» հետ»,- եզրափակել է Վարդանյանը։