Ես անհետ կորածների գերատեսչության անդամ եմ, մասնակցում եմ նիստերին, նիստերի շրջանակում Արմեն Աբազյանի (ԱԱԾ նախկին տնօրեն–խմբ) ժամանակվանից սկսած որոշակի հաջողություններ գրանցել ենք, ընդհուպ մինչև տուժողի կարգավիճակ ունեցողների վերաբերյալ քննություն նշանակելը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, մամուլի ասուլիսում նշեց 2020–ին անհայտ կորած Հենրի Մուրադյանի հորեղբայրը՝ Գոռ Մուրադյանը։ «Աբազյանի փոխվելուց հետո երկու նիստ է եղել, այս ընթացքում միակ փոփոխությունն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովները իրար հետ համագործակցում են ու ոնց որ հույս է առաջացել, որ ինչ-որ մի փուլում կարող է գան համաձայնության, որ վերսկսվեն որոնողական կամ նույնականացման աշխատանքները։ Մենք էլ հուսով ենք, որ Աստված տա, ողջ երեխեք կգտնենք։

Ծնողների համար, կարելի է ասել, անորոշություն կա, հենց այդ նպատակով էլ այսօր այս ասոցիացիան բացվում է, որպեսզի մենք էլ ինչ-որ մի գործողությունով, ինչ-որ մի արարքով կարողանանք առաջընթաց գրանցել։

Բոլորովին վերջերս ես բովանդակային մեր տեսակետը զեկույցով ուղարկել եմ ՄԱԿ-ի բռնի անհետացումների կոմիտե։ Այդ կայքում Հայաստանին նվիրված բաժնում զեկույցը կա։ Սեպտեմբերին պիտի կոնֆերանս լինի այդ համատեքստում, ես պիտի մասնակցեմ այդ կոնֆերանսին»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք դժգոհ եք պետության կողմից արվող քայլերից, դրա համար եք որոշել ասոցիացիա հիմնադրել, Գոռ Մուրադյանը պատասխանեց. «Մենք՝ անհետ կորածի ծնողներս, մինչև չտեսնենք երեխեքի հարցերի պարզաբանումը, անկախ ամեն ինչից դժգոհ ենք լինելու, բայց եթե նստենք սկսենք դժգոհել սաղ կյանքներս կարող է դժգոհենք։ Մկան ուժն էլ գործին օգուտ է, մենք որոշեցինք ինչ-որ մի բանով օգուտ տալ, որովհետև ինչ ուզում է լինի, այդ հարցը լուծվելու է իշխանության միջոցով։ Մենք աշխատելու ենք այնպես, որ մեր բանակցությունները իշխանության հետ աշխատանք դառնա, ոչ թե պայքար»։

Գոռ Մուրադյանի խոսքով, իրենք արդեն մի քանի տասնյակ ծնողներով հանդիպել են ԱԱԾ տնօրենի հետ, էլի հանդիպում պիտի լինի. «Մենք մեր ճանապարհային քարտեզը, մեր պատկերացրած աշխատանքները  իրենց հետ պիտի քննարկենք ու հասկանանք իրենք համաձայն են դրան, թե չէ։ Եթե հասկանանք, որ ծայրահեղության պիտի գնանք, մենք ամեն քայլ էլ պատրաստ ենք։ Բայց քանի դեռ կա ինչ-որ հույս, որ աշխատանքների արդյունքում կարող ենք հասնել նպատակին, իհարկե ես չեմ ուզի ոչ մի ծնող ծայրահեղության դիմի։ Դրա համար կարելի է համբերատար աշխատանք տանել, մինչև հասնենք նպատակին։

Ինձ թվում է՝ բողոքը մեզ ոչ մի տեղ չի տանի, ավելի լավ է սկսենք մտածել, թե ի՞նչ անենք, որ համատեղ ուժերով երեխաները ճակատագրերը պարզենք»,–ասաց նա։