Բանակում սպանությունների ու ինքնասպանությունների բոլոր տարիների դեպքերն էլ մտահոգության տեղիք են տալիս, այնպես որ ճիշտ չէ միայն սևեռվել վերջին դեպքերի վրա, սա համակարգային մոտեցման խնդիր է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը։
«Պատասխանատվության կանչելու հարցը պետք է քրեական գործերի արդյունքներով նայվի։ Կան դեպքեր, որոնք անմիջապես կապված են ծառայության հետ, շրջապատում ստեղծված մթնոլորտ հետ, կան դեպքեր, որոնք ընդհանրապես ծառայության հետ կապ չունեն, օրինակ, ընտանեկան կամ որոշակի այլ խնդիրներով են պյմանավորված։ Պետք է հստակ տարանջատվեն դրանք։
Բնական է՝ յուրաքանչյուր դեպքում պետք է անցկացվի ծառայողական քննություն, որովհետև անկախ ամեն ինչից կան հարցեր, որոնք եթե եղել է բանակում, ուրեմն ծառայության հետ կապված ինչ-որ բան բաց է թողնված ամեն դեպքում։
Հաջորդը մարտական հերթապահության հետ կապված հարցերն են, և այստեղ առաջին խնդիրը, որը բավականին հաջողությամբ իրականացվեց, դա մարտական հերթապահությունից ժամկետային զինծառայողների բացառումն է։ Իմ պաշտոնավարման ժամանակ մեծ աշխատանք կատարվեց, որպեսզի ժամկետային զինծառայողները ընդհանրապես մարտական հերթապահությունից հանվեն։ Դա բավական դրական ազդեցություն է գործում, նախ, հրամանատարները շատ ժամանակ են ունենում զբաղվելու զինծառայողներով զորամասում, երկրորդը, մարտական հերթապահության ժամանակ քնելու խնդիրն այդ դեպքում դուրս է գալիս։ Այստեղ միայն բանակին մեղադրելը գտնում եմ ոչ ճիշտ»,–ասաց Դավթյանը՝ որպես մեծ խնդիր նշեց նաև դասակի հրամանատարների պակասը և նրանց մակարդակը։
«Զինվորի հետ անմիջապես աշխատում են սերժանտը, դասակի հրամանատարը, որից հետո վաշտի հրամանատարը, դա առաջնային օղակ է, և այդտեղ սպաների համալրվածության խնդիրը և առկա սպաների կրթական մակարդակի խնդիրը առաջնային է դառնում։ Դասակի հրամանատար պատրաստելը 6-7 տարվա աշխատանք է։ Այդտեղից արդեն կարող եք պատկերացնել, թե քանի տարի է պետք, որպեսզի համալրվեն զինված ուժերը կրթված դասակի հրամանատարներով»,– ընդգծեց ԳՇ նախկին պետը։











