Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում ապօրինի տնակներում ապրող բնակիչների հետ հանդիպումն յսօր նորմալ մթնոլորտում է անցել, շատ հանգիստ քննարկել ենք բոլոր խնդիրները, քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են մեր պայմանները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1–ին, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։
«Երեկվա դրությամբ, քաղաքապետի որոշումով, քանդելու գործընթացը դադարեցվեց հումանիտար նկատառումներից, որ մարդկանց դուրսը չթողնենք, որտեղ կան հաշմանդամ երեխաներ, բազմազավակ ընտանիք։ Իրենց այսօր հրավիրեցինք, պայմանը դրեցինք, որ այսուհետ ոչ մի մեքենա այդ աղբավայրը չմտնի, և երկրորդը, իրենք ոչ մի կառուցապատման աշխատանքներ չանեն, չշարունակեն։ Իրենք համաձայնվեցին, խոսք տվեցին, որ երկու պայմանն էլ կկատարեն։ Եթե կատարեն այդ պայմանները, ուրեմն խնդիր չկա, թող շարունակեն ապրել»,–ասաց նա։
Հարցին՝ երբ կլուծվի այդ մարդկանց կացարանի հարցը, որպեսզի դուրս գան այդ տարածքից, Մխիթարյանը պատասխանեց, որ այդ հարցը միասնական սոցիալական ծառայության տիրույթում է. «Միասնական սոցիալական ծառայության պետը իրենց հետ պայմանավորվեց, որ իրենք դիմումները ներկայացնեն, այդ դիմումները պիտի քննարկվեն։
Մեր պայմանն այն է, որ աղբ չի մտնում այդտեղ, որովհետև մենք վաղվանից սկսում ենք այդ աղբավայրը մաքրել։
Իրենք գումարի դիմաց թողել են, որ մեքենաները մտնեն այդտեղ, և էդ խնդիրը 2022 թվականից է գալիս։ Իրենց բազմաթիվ անգամ զգուշացվել է, բազմաթիվ անգամ էլի քաղաքապետը ներողամիտ է եղել, թույլ է տվել շարունակել ապրել, բայց էս անգամ ժոստկի պայմանները դրած են։ Եթե իրենք պայմանավորվածությունները պահում են, ուրեմն չի քանդվում, իրենք շարունակում են բնակվել։ Իրենք շահագրգռված պիտի լինեն, որ այդ պայմանները պահեն»,–ասաց թաղապետը։
Հարցին՝ այդ տարածքներն օրինականացնելու հնարավորություն, տարբերակ կա՞, նա արձագանքեց. «Դրա համար էլ պետք է դիմեն, ախր իրենք որևէ խնդրով որևէ տեղ չեն դիմել։ Ասում են՝ 30 տարի ապրում ենք այստեղ։ Բա 30 տարի ապրելով, բա մի հատ չդիմե՞ս»։
Ռոմիկ Մխիթարյանը նաև տեղեկացրեց, որ այսօրվա հանդիպման ժամանակ կանանցից մեկի աշխատանքի հարցը լուծվեց, մի քանի օր առաջ էլ մեկ այլ բնակչի ինքն է ընդունել աշխատանքի։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ դեռևս ուրբաթ օրը՝ օգոստոսի 28–ին Շենգավիթի թաղապետարանից եկել են և մի քանի տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդտեղ։
Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։
Տանը 5 անչափահաս երեխա կա, որից 2–ը՝ մինչև մեկ տարեկան։
Բնակիչները NEWS.am–ի հետ զրույցում պատմեցին, որ իրենք հենց նույն օրը գնացել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։
Արդեն երեկ՝ օգոստոսի 31–ինմ, Շենգավիթի թաղապետարանից եկել են, ոստիկանական մի մեծ խմբով։
Նշենք, որ երեկ երբ տրակտորն սկսել է աշխատել, բնակիչներից մի տարեց կին 2 ամսական թոռնուհուն վերցրել էր գիրկը և քարերով հարձակվել տրակտորի վրա։ Ոստիկանները հազիվ կարողացել են նրան վնասազերծել, երեխային ձեռքից վերցնել և թույլ չտալ, որ վնաս հասցնի տեխնիկային, տեխնիկայի կողքը կանգնած մարդկանց, ինչպես նաև իր գրկին գտնվող երեխային։
Բնակիչները մանկասայլակներով փակել էին դեպի տնակներ տանող ճանապարհը ու չէին թողնում մոտենալ տներին։ Ամեն կողմից լսվում է երեխաների լացն ու գոչյունները։
Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանն էլ NEWS.am–ին հայտնել էր, որ այդ մարդիկ, տարածքը վերածել են աղբանոցի, փողի դիմաց թույլ են տալիս շինրարարական աղբ թափել այդտեղ։ Նա նաև նշել էր, որ տնակների պամոնտաժումը դադարեցվել է երեկ, իսկ այսօր այդ ընտանիքի անդամներին ընդունելու են թաղապետարանում։











