Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում, այսօր՝ սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության 35–ամյակին նվիրված հանդիսավոր նիստ է տեղի ունեցել։

Իր ելույթում Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, մասնավորապես, նշեց. «Այսօր հավաքվել ենք նշելու մի իրադարձության 35-ամյակը, որը մեր ժողովրդի պատմության մեջ մշտապես կմնա որպես ազատության և ինքնորոշման կամքի խորհրդանիշ։ 1991 թվականի սեպտեմբերի 2–ին Արցախի ժողովրդի լիազոր ներկայացուցիչները հավատարիմ մեր բազմադարյա իրավունքին՝ ապրելու ազատ և անկախ մեր հայրենի հողի վրա, հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Այս որոշումը, որը մի քանի ամիս անց, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով վավերացվեց ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից, դարձավ Արցախի պետականության հիմքը։

Գիտակցում եմ, որ այս տարվա տարեդարձը մենք նշում ենք աննախադեպ ծանր հանգամանքներում, հեռու մեր հայրենի տնից և հողից, տառապած և հալածված, բայց և կանգուն ու վճռական։ Սակայն հենց այս պայմաններում է, որ մեր հավաքույթի իմաստը դառնում է առավել խորը։ Պետականությունը ոչ միայն տարածք է կամ հաստատություն, այլև ժողովրդի կամք, հիշողություն և շարունակականություն, որը ոչ մի ուժ իրավունք չունի խլելու։

Անկախության առաջին իսկ օրերից Արցախի ժողովուրդը ստիպված եղավ պաշտպանել իր գոյության իրավունքը զենքով համայն հայության ու մայր Հայաստանի գործուն աջակցությամբ։ 1991-94 թվականների գոյամարտում հազարավոր մեր հայրենակիցներ զոհվեցին հանուն ազատության և ազգային արժանապատվության։ Այդ զոհության գրով ձեռք բերված հրամանատարը թույլ տվեց երեք տասնամյակի ընթացքում կառուցել պետական հաստատություններ, անցկացնել ընտրություններ, զարգացնել տնտեսությունը, կրթությունը և մշակույթը և ապրել թեկուզ և մշտական վտանգի ներքո, բայց սեփական հողի վրա, որպես ազատ ժողովուրդ։ Այս ճանապարհը եղավ նաև նոր փորձությունների ճանապարհ, երկրի խնդիրներից մինչև արտաքին մարտահրավերներ։

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, 2020 թվականի 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած ծանր կորուստները ու տարածքային զիջումները, ապա Արցախի շրջափակումը ու 2023 թվականի սեպտեմբերի 15-20-ին Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիան, որը խլեց մեզնից հինավուրց հայրենիքը։ Այս ամենի հետևանքով գործնականում ամբողջ Արցախի ժողովուրդը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր տունն հայրենիքը։

Մենք գիտակցում ենք, թե որքան ծանր է իրավիճակը, որում գտնվում է մեր ժողովուրդը։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցները ցրված են Հայաստանում և աշխարհասփյուռ հայկական համայնքներում, գտնվում են ծանր մարդասիրական պայմաններում և զրկված են իրենց տնից, հողից, եկեղեցիներից և գերեզմանոցներից։ Մեր հոգևոր և մշակույթի մշակութային ժառանգության կոթողները՝ Ամարասը, Գանձասարը և բազմաթիվ այլ սրբավայրեր մնում են բռնազարդված տարածքում, առանց պատշաճ պաշտպանության։

Շարունակում են անազատության մեջ մնալ Արցախի քաղաքական և ռազմական առաջնորդները և մեր այլ հայրենակիցներ, որոնք Բաքվում, ենթարկվում են հաշվեհարդարի և արդարադատության ծայրահեղ ծաղրի։ Մենք պահանջում ենք նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։

Այս ամենին գումարվում է նաև մեր պետական համակարգի ինստիտուցիոնալ ճգնաժամը՝ Ազգային ժողովի նախագահի հրաժարականից հետո։ Սակայն Արցախի Հանրապետության Ազգային ժողովը շարունակում է իր գործունեությունը և որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ կրող մարմին հանձնառու է իրականացնել նրա իրավունքները և օրինական շահերի պաշտպանությունը։

Մենք շարունակում ենք ստանձնել պատասխանատվություն, բարձրացնելու բռնի տեղահանված Արցախի ժողովրդի ձայնը, հանուն մեր հավաքական իրավունքների պաշտպանության։

Հաշվի առնելով ստեղծված աննախադեպ ծանր պայմանները, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը և բնակչության ամբողջական բռնի տեղահանումը, ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ճնշումները, ինչպես նաև պետական ինստիտուտների լծակների և ռեսուրսների բացակայությունը, մենք այս փուլում հնարավոր չենք համարում նոր անձանց ընտրության կազմակերպում։ Ազգային ժողովը շարունակելու է իր գործունեությունը ստեղծված պայմաններում և պատրաստակամություն է հայտնում հնարավոր բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում կազմակերպել պատշաճ ընտրական գործընթացներ: 

Ցեղասպանությունը և բռնի տեղահանումը երբեք չեն կարող դառնալ մեր ժողովրդի իրավունքների վերացման հիմք։ Այս պայքարը մենք տանում ենք նաև որպես բարոյական պարտ մեր նախնիների և ազատամարտիկների առջև, որոնք զոհվեցին այս հողի ազատության համար և որպես պատասխանատվություն մեր երեխաների և սերունդների առջև, որոնց պետք է փոխանցենք ոչ թե պարտության զգացողություն, այլև հավատ և վճռականություն։

Մենք կանգնած ենք միասնության հրամայականի առջև, Արցախի ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և համայն աշխարհասփյուռ հայության միջև, որովհետև միայն համախմբված ջանքերով կարող ենք հասնել արդարության և մեր իրավունքների վերականգնմանը։

Այս հանդիսավոր օրը թույլ տվեք դիմել նաև միջազգային հանրությանը, բոլոր այն երկրներին, կազմակերպություններին և անհատներին, ովքեր հետևում են Արցախի ճակատագրին։ Մենք կոչ ենք անում չմոռանալ և պարտոնապես ճանաչել Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների փաստը որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում, որին պետք է հետևի պատասխանատվության ապահովումը։ Անպատժելիությունը չպետք է դառնա նոր ոճրագործությունների խրախուսման միջոց, այլապես նորանոր զանգվածային ոճրագործություններ են իրականացվելու նույն և այլ հանցագործների կողմից։

Մենք կոչ ենք անում ապահովել Բաքվում պատանդառված մեր բոլոր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումը, հաշվի առնելով նրանց հանդեպ իրականացվող դատավարությունների ակնհայտ  քաղաքական և հակաիրավական բնույթը։

Մենք կոչ ենք անում ապահովել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը։ Մենք երախտապարտ ենք բոլոր այն խորհրդականներին, կառավարություններին, կազմակերպություններին, որոնք բարձրաձայնել են Արցախի ժողովրդի իրավունքների մասին և ճանաչել են կատարվածի ողբերգական բնույթը և կոչ ենք անում շարունակել և խորացնել այս աջակցությունը՝ քաղաքական, իրավական և հումանիտար բոլոր հարթակներում։

Սիրելի հայրենակիցներ, մեր պետականությունը և իրավունքները իրավունքները կապահովվեն և կպաշտպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ կենդանի է մեր ժողովրդի հիշողությունը ու հավատը դեպի արդարություն և մղումը դեպի ազատություն և արժանապատվություն։

Փառք Արցախի ինքնորոշման և ազատության համար ընկած ներկայացուցիչներին, կեցցե Արցախի ժողովուրդը, կեցցե հայ ժողովուրդը»։