Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին, եկավ իր տրամաբանական ավարտին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության 35–ամյակին նվիրված հանդիսավոր նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տարիների պայքար Սաֆոնովի, Պալյանիչկոյի, ադրբեջանական Օմոնի դեմ։ Եվ եթե այսօր մեր աչքերին ոչ թե ուրախության, այլ տխրության արցունքներ են, դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է ուրանանք մեր պատմական հաղթանակը և մոռանանք մեր իրավունքների մասին։

Հայերն Արցախում ապրել են հազարավոր տարիներ, երեք տարին պատմության համար մի ակնթարթ է, և ինչ-որ մի քանի տարի հետո, երբ դարձյալ Գանձասարում, Ղազանչեցոցում, Ամարասում և հայկական մյուս վանքերում հնչի հայկական աղոթքը և հայ երեխաները մկրտվեն, մենք կարող է նույնիսկ չհիշենք, որ հազարավոր տարիների պատմության ընթացքում մի որոշակի ընթարթ Արցախը Ադրբեջանի տիրապետության տակ էր։ Բայց որպեսզի գա այն ուրախ պահը, երբ մենք կրկին վերադառնանք Արցախ և իրացվի արցախցիների վերադարձի և այլ իրավունքները, անհրաժեշտ է, որ արցախահայերի վերադարձի իրավունքը և մյուս իրավունքները լինեն թե Հայաստանի քաղաքական օրակարգում և թե միջազգային քաղաքական օրակարգերում։ Մենք գոնե այդ հարցը միշտ արծածելու ենք թե Հայաստանում, թե բոլոր հասանելի միջազգային հարթակներում։

Արցախի ժողովուրդը Սովետական Միության օրենսդրության համաձայն հռչակել է իր պետականությունը, և այդ որոշումը, նույնիսկ Սովետական Միության սահմանադրական վերահսկողության կոմիտեն հակասահմանադրական չի ճանաչել, ի տարբերություն, օրինակ, 89 թվականի նոյեմբերի 28-ի Արցախի ինքնավարությունը լուծարող Ադրբեջանի իշխանությունների որոշման։

Արցախի իշխանությունները միշտ համարվել են հակամարտության կողմ, ի տարբերություն Արցախում ապրող ադրբեջանցիների համայնքի, որը շահագրգիռ կողմ է եղել։ Սեղանին դրված բոլոր կարգավորման առաջարկությունները ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այո, ճանաչել են նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ինչպես իր խորհրդատվական կարծիքում նշել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, տարածքային ամբողջականությունը որևէ կերպ չի արգելում որևէ ժողովրդին հռչակել անկախություն, այլ վերաբերում է միայն երկու ճանաչված պետությունների միչև հարաբերություններին։

Այնպես որ, երբ մենք խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին չի նշանակում որ Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Եվ թող ոչ պաշտոնական Երևանը, ոչ պաշտոնական Բաքուն և Անկարան չփորձեն մոլորեցնեն թե մեզ՝ պահելով խավարի մեջ, և թե միջազգային հանրությանը։

Պարտության առաջին քայլը հուսահատությունն է, հուսահատության առաջին քայլը հավատի կորուստն է։ Այո ես հասկանում եմ որ հիմա մենք նշում ենք ստիպված Արցախի Հանրապետության կայացման օրը այսօր, այլ ոչ թե երթով հրապարակից գնում ենք մինչև Պանթեոն։ Բայց ձախորդ օրերը գալիս են ու անց են կենում։ Կարևորը հավատալն է, որ արևը դարձյալ կծագի։

Դրա համար անհրաժեշտ է, որ արցախցիների բոլոր իրավունքները, սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական Հայաստանում հարգվեն, ապահովվի արցախահայերի կոմպակտ բնակության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում  և վերադարձի իրավունքը արծածվի բոլոր ատյաններում։

Նրանք, որոնք երբեք Արցախյան ազատամարտի հետ առնչություն չեն ունեցել, Արցախյան շարժման հետ առնչություն չեն ունեցել, նրանք, ովքեր չեն սկսել Արցախյան շարժումը, ոչ բարոյական և ոչ էլ առավել ևս քաղաքական իրավունք չունեն Արցախյան շարժումը ավարտած համարել։ Արցախի ժողովուրդը ունի վերադարձի իրավունք և ունի իր իրավունքները»։