Բաքվում գտնվող մեր գերիների ֆիզիկական շփում արտաքին աշխարհի հետ գոյություն չունի, այսինքն նրանք չեն տեսնում հարազատների, չեն տեսնում հյուպատոսական աշխատակիցների, չեն տեսնում անկախ բժիշկների, անկախ փաստաբանների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, այսինքն պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
«Իհարկե նրանց այլ իրավունքներ էլ են խախտվում, օրինակ զբոսանքի իրավունքը, բայց գերագույն խնդիրը այն է, որ նրանք բացարձակ մեկուսացվածության մեջ են գտնվում։
Արտաքին աշխարհի միակ շփումը հեռախոսային խոսակցություններն է։ Դատապարտյալները պետք է օգտվեն, օրինակ, նամակագրության իրավունքից, նամակներ ուղարկել և ստանալ, այս իրավունքը ևս չի պահպանվում։ Դատապարտյալները ունեն կարճատև և երկարատև այցելությունների իրավունք, հարազատների, ընկերների, որոշակի կատեգորիայի անձանց կողմից, այս իրավունքը ևս ապահովված չէ։
Միակ բանը, որը տրամադրված է, դա վերահսկելի հեռախոսային զանգերն են, որի հաճախականությունը տարբեր է։ Օրինակ, կան երեք դատապարտվածներ, որոնք կարողանում են զանգերը կազմակերպել 40 օրը մեկ հաճախականությամբ, և մնացյալի համար ապահովված է շաբաթական մեկ զանգ հնարավորությունը։ Զանգի տևողությունը փոփոխական է, առանձին դեպքերում այն կարող է լինել երկու րոպե, երեք րոպե, որոշ դեպքերում կարող են թույլատրել մինչև 10 րոպե։ Խնդիրը այն է, որ այդ բոլոր զանգերը վերահսկվող են, դրանք հայեցողական են, և կախված բովանդակությունից կարող են նաև հարկադիր ընդհատման ենթարկվել։ Դրա վառ օրինակը մենք տեսանք նաև Ռուբեն Վարդանյանի պարագայում, երբ փորձում էր բարձրաձայնել դատավճիռը իրեն չտրամադրելու խնդիրը, Ադրբեջանի օմբուդսմենին դիմելու և որոշակի ջանքերով այդ ակտը ստանալու անհրաժեշտությունը, հարկադրաբար զանգը ընդհատվեց»,–ասաց նա։
Սիրանուշ Սահակյանը հստակեցրեց, որ զանգը ապահովում է ընտանիքի անդամի հետ. «Ինձ հետ անմիջական զրուցելու հնարավորություն տրված չէ։ Զանգերի շրջանակներում ընտանիքի անդամները փորձում են հասկանալ իրավիճակը և հատկապես առողջական իրավիճակը։ Վերջին ամիսների ընթացքում ինտենսիվացվել է առողջական խնդիրների բարձրայնումը։ Եվ մշտապես դժգոհություններ, որ բուժօգնություն չի կազմակերպվում, անգամ որոշակի ժամերից հետո բուժանձնակազմի որևէ ներկայացուցիչ այդ հաստատությունում չկա, և եթե առողջական վիճակի կտրուկ վատթարացում լինի, հրատապ շտապօգնություն ցուցաբերելու հնարավորությունները ևս բացակայում են։
Հիմնականում կարող է ծայրահեղ իրավիճակում որոշ սիմպտոմներ մեղմելու դեղորայք տրամադրվի, սակայն գոյություն ունեցող, հա, հիվանդությունը կամ վերավաթարացումը կանխող միջոցներ առհասարակ չեն ձեռնարկվում։ Մեր իմացությամբ բուժօգնություն և բուժսպասարկում չի կազմակերպվում պատշաճ կերպով հայերի համար։
Շատերին ազատազրկել են 15 տարի, օրինակ, 15 տարի պատիժը կրելուց հետո, եթե վերջինս, օրինակ, հայրենադարձվի Հայաստանի Հանրապետություն, ի՞նչ առողջական վիճակում է լինելու։
Նրանց առողջական վիճակի վերաբերյալ որոշակի փաստաթղթեր ստացվում են ՄԻԵԴ–ի միջոցով։ Մենք նման տեղեկատվություններ ստացել ենք 2026–ի փետրվար-մարտ ամիսներին, նոր տեղեկատվություն տրամադրելու վերջնաժամկետը սպառվել է օգոստոսի 31-ի դրությամբ, մենք սպասում ենք մի քանի օր, որպեսզի քարտուղարությունից գրություն ստանանք և ըստ դրա կհասկանանք, թե ինչպիսի տեղեկություններ են տրամադրվել դատարանին»,–ասաց նա։











