Սա այն դեպքն է, երբ գլուխդ բարձրացնում ես ու պարզապես կորցնում խոսելուդ ունակությունը։ Պեկինի գործարար կենտրոնի հետիոտնային փողոցներից մեկի վրա կախված է թվային երկինքը՝ հսկայական լուսավոր առաստաղ, որը երկու բարձրահարկերի միջև սովորական զբոսանքը վերածում է ֆանտաստիկ ֆիլմի տեսարանի։ NEWS.am-ի թղթակիցը շրջել է Չաոյան շրջանի գլխավոր տեխնոլոգիական տեսարժան վայրերից մեկում՝ The Place առևտրազվարճալի համալիրում, և սեփական աչքերով տեսել հայտնի Sky Screen-ը, որն այսօր մոլորակի ամենամեծ էկրանների շարքում զբաղեցնում է հինգերորդ տեղը։

Հենց ոտք ես դնում հետիոտնային գոտի միանգամից ապշում ես տեղի մասշտաբներից։ Էկրանը ձգվում է 250 մետր երկարությամբ և 30 մետր լայնությամբ, իսկ լուսադիոդային ամբողջ մակերեսը կազմում է 7500 քառակուսի մետր։ Այն հավաքված է հինգ հսկայական վահանակներից, որոնք միավորված են միասնական համակարգի մեջ՝ ապահովելով բարձրորակ պատկեր և ծավալային հնչյունավորում։

Ժամանակին՝ 2009 թվականի բացման պահին, Sky Screen-ը պաշտոնապես գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ LED էկրան։ Այդ պահից ի վեր տեխնոլոգիաները առաջընթաց են ապրել, և այսօր համաշխարհային վարկանիշում այն զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը։ Այդուհանդերձ, Պեկինում այս ծածկը մնում է քաղաքի ամենաճանաչելի խորհրդանիշներից մեկը, որն իսկապես հիացնում է յուրաքանչյուր տեսնողի։

Ցերեկը ծածկն աշխատում է սովորական ռեժիմով՝ պարզապես ստվեր ապահովելով զբոսնողների համար։ Իսկ ահա իսկական կերպարանափոխությունը սկսվում է մթնության հետ. էկրանը վերածվում է կենդանի թվային կտավի՝ արտ-ինստալյացիաներով ու լուսային մասշտաբային շոուներով։

Ցուցադրությունների ժամանակացույցը փոխվում է տարվա եղանակից կախված. ամռանը շոուն սկսվում է մոտ 19:30-ին ու տևում մինչև 23:00-ն՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ նոր սյուժեով, իսկ ձմռանն ամեն ինչ մեկնարկում է ավելի վաղ՝ 17:00-ից 22:00-ն։

Դիանա Առուշանյան, Պեկին