Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետա է։ Այս մասին Գագիկ Ծառուկյանի և այլ քաղաքական բանտարկյալների աջակցության հասարակական խորհրդի առաջին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը:

Իվետա Տոնոյանը հիշեցրել է, թե ինչպես է ստեղծվել Խորհուրդը. սկզբում՝ ի աջակցություն կալանավորված Ծառուկյանի, սակայն հենց հաջորդ օրը, անձամբ Ծառուկյանի կոչով, ընդլայնել է իր գործունեության ոլորտը՝ ընդգրկելով այլ քաղաքական բանտարկյալների և Բաքվում գտնվող Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին։ Գագիկ Ծառուկյանի և այլ քաղաքական բանտարկյալների աջակցության հասարակական խորհուրդը կազմված է ամենատարբեր ոլորտների շուրջ 6 տասնյակ ներկայացուցիչներից։

«Բոլորն էլ հասկանում են, որ կալանավորված գործիչների գործերում իրավական բաղադրիչը զրոյական է, և առկա է միայն քաղաքական վրեժխնդրություն», — հայտարարել է Տոնոյանը՝ հավելելով, որ վաղ թե ուշ բոլոր մեղավորները պատժվելու են, իսկ նրա պատվին, արժանապատվությանն ու բիզնեսին հասցված վնասը փոխհատուցվելու է։ Տոնոյանն ընդգծել է, որ առաջնահերթությունը Ծառուկյանի ազատ արձակումն է, և կալանքի անհրաժեշտություն չկա։ Ընթանում է քննություն, և նա չի խոչընդոտի դրան՝ ճիշտ այնպես, ինչպես 2020 թվականին էր, երբ ներկա էր բոլոր նիստերին և ի վերջո արդարացվեց, հայտարարել է Տոնոյանը։

Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն ընդգծել է, որ օրենքը հավասար է բոլորի համար, և մարդու իրավունքները չեն կարող կախված լինել քաղաքական հայացքներից ու իշխանությունների հանդեպ վերաբերմունքից։ Հայաստանում ավելանում է քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվող մարդկանց թիվը, արձանագրել է Այվազյանը՝ հավելելով, որ Ծառուկյանի մասով իրականացվում է աննախադեպ հետապնդում։

Նախկին նախարարը շեշտել է, որ Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ճակատագիրը չի կարող քաղաքական շահարկումների առարկա դառնալ։ «Նրանք շուտափույթ վերադարձը իրապես պետք է դառնա երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը», — հայտարարել է Այվազյանը: Դիմելով արտասահմանցի գործընկերներին՝ նա կոչ է արել մարդու ազատության և արժանապատվության հարցերում չառաջնորդվել երկակի չափանիշներով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար (2018 թվականի իշխանափոխությունից հետո) Մանե Թանդիլյանը հիշեցրել է, թե ովքեր են քաղաքական բանտարկյալները․ այդպիսին դառնում են նրանք, ովքեր կարող են մարտահրավեր նետել իշխանություններին։ Նա հավելել է, որ էական չէ, թե որ հոդվածով է առաջադրվել մեղադրանքը, էությունն այն է, որ «մեղքը» քաղաքական է։ Լռելը, Թանդիլյանի խոսքով, նշանակում է համաձայնել։ Տեղի ունեցողը նա անվանել է աղավաղված պոպուլիզմ, որին իր ժամանակին շատերն են հավատացել։ Թանդիլյանը նաև ցավով նշել է եվրոպական կառույցների լռության մասին և ընդգծել քաղաքական նկատառումներով ու ազգային պատկանելության հատկանիշով Բաքվի բանտում հայտնված Լեռնային Ղարաբաղի ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը։ «Նրանք գտնվում են սարսափելի պայմաններում, դժվար է պատկերացնել, թե ինչ են նրանք և իրենց ընտանիքներն ամեն օր ապրում», — հիշեցրել է Թանդիլյանը։

ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի խոսքով՝ Ծառուկյանը քաղաքականության մեջ փոխեց խաղի կանոնները, ինչին էլ հաջորդեց իշխանությունների արձագանքը։ Նա հավելել է, որ Խորհրդին միացել են Հայաստանի սահմաններից դուրս գտնվող գործիչներ, մասնավորապես՝ նրանք, ովքեր գործարար կապեր են ունեցել Ծառուկյանի հետ։ Սրանք համաշխարհային ճանաչում ունեցող, հայտնի ու հեղինակավոր գործարարներ են, հավելել է Մելիքյանը։ Նա հիշեցրել է Ծառուկյանի պատրաստակամությունը՝ ընդառաջելու խնդրանքներին, և հասարակության բոլոր շերտերի հետ շփվելու նրա բաց լինելը։ Ծառուկյանի հետ տեղի ունեցողը նա որակել է որպես դաս՝ բոլոր անհնազանդների համար։ Եզրափակելով՝ նա ընդգծել է, որ ինչպես Ծառուկյանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների հետ տեղի ունեցողը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է, և այս խնդրի մասին պետք է բարձրաձայնել բոլոր ատյաններում, կազմակերպություններում ու օտարերկրյա մայրաքաղաքներում։

ԲՀԿ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն արձանագրել է երկրում գործող ու թափ հավաքող ռեպրեսիվ մեքենայի առկայությունը, երբ մարդուն զրկում են ազատությունից, ունեցվածքից և ոտնձգություն անում նրա բարի համբավի նկատմամբ։ Ծառուկյանին ձերբակալելու բուն ընթացակարգը նա անվանել է անմարդկային։ Ինչպես նշել է Վարդանյանը, այսօր իշխանությունները զբաղված են Ծառուկյանի անունը վարկաբեկելով, սակայն դա արդյունք չի տա, քանի որ ժողովուրդը կարճ հիշողություն չունի և հիշում է նրա կատարած բարի գործերը։ Վարդանյանն ընդգծել է, որ Ծառուկյանի ունեցվածքի հետ կապված տեղի ունեցածից հետո ոչ մի ներդրող չի ցանկանա աշխատել Հայաստանում։ Ավելին, իշխանությունների անպատասխանատու քայլերի հետևանքները ստիպված է լինելու կրել Հայաստանի ժողովուրդը, հավելել է նա՝ նկատելով, որ իրավունքների նույնանման ոտնահարումը կարելի է տեսնել նաև մյուս քաղբանտարկյալների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի պարագայում։ Նա անդրադարձել է ընտրությունների արդյունքներին, երբ իշխանություններն անտեսեցին 60 հազար ընտրողի կարծիքը (թույլ չտալով ԲՀԿ-ին անցնել խորհրդարան)։ Նրա գնահատմամբ՝ ընտրություններից հետո հասարակությունում իրավիճակն էլ ավելի է լարվել, և հանդուրժողականության մասին խոսելն ավելորդ է։ «Հարյուրավոր քաղաքացիներ հետապնդումների են ենթարկվում․ ոմանք բանտերում են, մյուսները՝ տնային կալանքի տակ, և այս ամենը քաղաքական դրդապատճառներով։ Սա պետք է ազդանշան լինի բոլորի համար․ նմանօրինակ քրեական գործեր կարող են հարուցվել ցանկացած այլախոհի նկատմամբ։ Ճիշտ է, կարված գործերն այնքան անորակ են, որ կարճ ժամանակ անց դատարաններում քանդվում են»,— հայտարարել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմության առաջնորդներին մեկուսացնում են որոշակի նպատակով, և շուտով պարզ կդառնա, թե ինչու է դա արվում։

Նա ընդգծել է Բաքվում պահվող հայերի իրավունքների պաշտպանության և նրանց ազատ արձակման ուղղությամբ ակտիվ աշխատանք տանելու անհրաժեշտությունը։

Միջազգային գործընկերներին դիմելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արա Այվազյանը նշել է, որ Խորհուրդը մտադիր է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։ Արդեն բազմաթիվ նամակներ են ուղարկվել, առաջին հերթին՝ մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին և բոլոր դեսպանատներին, իսկ այժմ Խորհուրդն ակնկալում է ուղիղ շփումներ միջազգային գործընկերների հետ։ Էլինար Վարդանյանը նկատել է, որ դատարանները, իշխանությունների վարած քաղաքականության պատճառով, վախենում են պատասխանատվություն ստանձնել և արդար որոշումներ կայացնել, բայց պատասխան տալու ժամանակը գալու է։ Մանե Թանդիլյանը հիշեցրել է, որ վարչապետն առավոտյան արթնանում է ու հայտարարություններ անում այն մասին, թե ինչպես պետք է ընթանա դատական գործընթացը։ «Հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին եմ խոսում։ Դրանից հետո ինչպե՞ս հավատալ դատարաններին»,— հարցադրում է արել Թանդիլյանը։