Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10–ին, Փարիզում, Միջազգային տիեզերական գագաթնաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «2022-ին Հայաստանը տիեզերք արձակեց իր առաջին ArmSat 1 արբանյակը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր դուրս բերվել SpaceX-ի կողմից: Ընդամենը մեկ տարի անց մենք հասանք ևս մեկ հանգրվանի՝ Hayasat 1-ով, որը առաջին հայկական արբանյակն էր, որը լիովին հավաքվեց և փորձարկվեց հայ մասնագետների կողմից:

Հայաստանի 2026-2031 թվականների կառավարության ծրագիրը նշում է, որ Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար՝ միաժամանակ զարգացնելով ինքնիշխան գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար:
Առաջ նայելով՝ Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին, որոնք թույլ կտան հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերքի ուսումնասիրության համար բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ:

Միաժամանակ, ՀՀ գիտական ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, ի թիվս այլոց, տիեզերական տեխնոլոգիաները և ավիատիեզերական արդյունաբերությունը սահմանում է որպես ռազմավարական առաջնահերթություն: Հայաստանը նաև գիտակցում է տիեզերքի և արհեստական բանականության միջև աճող ընդհանրությունը:
Այս համատեքստում մենք մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ավելի լայն ազգային հայեցակարգ, որը նպատակ ունի ստեղծել առաջադեմ հաշվարկային և արհեստական բանականության հնարավորությունների էկոհամակարգ՝ աջակցելու հետազոտություններին, նորարարություններին և տեխնոլոգիական զարգացմանը բոլոր ոլորտներում:
Այս առումով ուրախ եմ տեղեկացնել, որ վերջերս Հայաստանում բացվել է Nvidia-ի հետ համագործակցությամբ մշակված Firebird արհեստական բանականության գործարանը:

Ակադեմիական քաղաքը, որը Հայաստանն այժմ զարգացնում է որպես նոր ակադեմիական և հետազոտական էկոհամակարգ, կլինի այս վերափոխման մեկ այլ կարևոր բաղադրիչ: Համալսարաններին, հետազոտական հաստատություններին, ուսանողներին, հետազոտողներին, միջազգային գործընկերներին և մասնավոր հատվածին միավորելով՝ մենք մտադիր ենք ստեղծել ավելի ամուր կապեր կրթության, գիտության և արդյունաբերության միջև և ապահովել առաջադեմ հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման միջավայր:
Մենք կարծում ենք, որ գլոբալ տիեզերական տնտեսության ընդլայնումը պետք է ուղեկցվի դրա օգուտներից ավելի լայն հասանելիությամբ: Զարգացող տիեզերական կարողություններ ունեցող երկրները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու ոչ միայն որպես տեխնոլոգիաների և տվյալների օգտագործողներ, այլև ավելի ու ավելի շատ որպես հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիական զարգացմանը նպաստողներ:

Եզրափակելով՝ կցանկանայի վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ ներդրումներ կատարել գիտության և մարդկային կապիտալի մեջ և ամրապնդել միջազգային գործընկերությունը՝ ապահովելու համար, որ տիեզերքը, գիտությունը, տեխնոլոգիաները և տվյալները նպաստեն կայուն զարգացմանը և մարդկության համար ավելի լավ ապագայի»։











