Լոռիի մարզում այսօր` մայիսի 19-ին կրկին սոճենի տեսակի ծառեր են հատվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ահազանգել է Վանաձորի քաղաքային մարզադաշտի հարեւանությամբ բնակվող քաղաքացիներից մեկն ու պատմել, որ «օրինական փաստաթղթի» անվան տակ հատվում են մարզադաշտի հարեւանությամբ գտնվող անտառի սոճենիները:

Արդեն տեղում բնակիչները պատմել են, որ դեռեւս 90-ականների ծանր տարիներին իրենք կյանքի գնով պահել են սոճենիները, սակայն այսօր անատառից բացարձակ չհասկացող որոշ մարդկանց թեթեւ ձեռքով դրանք հատվում են, եւ սա այն դեպքում, երբ ծառերը լիովին առողջ են ու բնապահպանական տեսանկյունից դրանք իրավունք չունեն հատելու:

Տեղացիների ներկայացմամբ, սոճիները հատողներն ասել են, որ ծառերը հատվում են «դահուկային մայրուղի» կառուցելու համար: «Ինձ զանգեցին, ես եկա ու տեսա մեր իշխանությունների վարքը, այսինքն սա էր իրենց հավատանք, որ փոխենք-ը` հավատացինք, դրա համար էլ փոխեցին»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում դժգոհեց նախկին անտառապետ Վահան Մխիթարյանն ու հավելեց. «Այսինքն ով ինչ փաստաթուղթ Երեւանից ստեղծում է, բերում են 50-60 տարվա ծառերը կտրում են մեկի ցանկության համար` մի հատ դահուկային մայրուղի կա էն կողմը, բավական է, հերիք է էդքան տարածքը իրենց»:

Նախկին անտառապետի խոսքով, այսքան տարի ճանապարհի ու բնակավայրի կողքին մի հատ սոճենի ծառ չի կտրվել, բայց հիմա արդեն վեգետացիոն շրջանում ծաղկած սոճենիներն են կտրում, ինչն, ըստ նրա, անթույլատրելի է: «Մի հատ տեղեկանք էր ձեռքները, որը ստորագրված էր համապատասխան կուսակցական իշխանավորների կողմից` այսինքն անտառտնտեսության ղեկավարներից, որոնք իրականում հեռու են անտառից, պատահական մարդիկ, որ եկել են նստել անտառի գլխին ու անտառը վերացնում են: Վերջիվերջո մեր հանրապետության նախագահը պետք է հասկանա, որ անապատի համար չենք այստեղ ապրում, ապրում ենք բնություն ունենալու համար»,-ասաց նա:

Բնակիչները պատմում են, որ Հայաստանի տարբեր քաղաքներից միշտ եկել են այստեղ հանգստանալու, սակայն եթե այսպես շարունակվի, տեղաբնակներն էլ կհեռանան:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Անատոլի Մխիթարյանը նշեց, որ հատումներն օրինական են, տրված է 13 սոճենու հատման թույլտվություն, քանի որ տարածքում առաջիկայում պետք է կառուցվի դահուկային սպորտի համար նախատեսված ճանապարհ, ինչին ծառերն, ըստ նրա, խանգարել են: «13 ծառ այդ ոլորավայրէջքին խանգարում էր, Վանաձորի քաղաքապետարանի սպորտկոմիտեն դիմել էր «Հայանտառին» դեռ 2011թ-ից, վերջապես «Հայանտառը» տվել է համապատասխան ծառահատման թույլտվությունը»,-ասաց նա:

Նշենք, որ նախկին անատառապետ Վահան Մխիթարյանը մեզ հետ զրույցում մտավախություն հայտնեց, որ իր խոսքերի համար հնարավոր է որոշակի ճնշումներ լինեն իր նկատմամբ, սակայն հավաստիացրեց, որ ոչնչից չի վախենում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի