Հայաստանում գյուղատնտեսությունը կտրուկ անկում է ապրում։ Այս մասին սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Իրավիճակը պատգամավորը որակել է որպես խայտառակ․ «Բանկային տոկոսադրույքներն էլ շարունակելու են բարձրանալ, ինչն էլ շատ բացասաբար է անդրադառնալու գյուղացիների սոցիալական վիճակի վրա»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շատ ազնիվ է վարվել՝ Արտաքին գործերի նախարարության անվանն ավելացնելով «միջազգային առևտուր» եզրույթը։
«Վերջին տարիներին ԱԳՆ-ն միայն մի բանով է զբաղված եղել՝ միջազգային առևտրով։ Միայն թե «ապրանքը» հայկական հողերն էին»,- ընդգծել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։











